Լրահոս

25.02.2016 14:36


Մասնագետ. «Արական սեռի կողմից 3-4 անգամ ավելի շատ են ինքնասպանության դեպքեր գրանցվում»

Մասնագետ. «Արական սեռի կողմից 3-4 անգամ ավելի շատ են ինքնասպանության դեպքեր գրանցվում»

Ցանկացած լուրջ սթրես, հատկապես կորուստները կարող են մարդուն դրդել ինքնասպանության, իսկ այդ քայլին գնալու իրական պատճառը պետք է փնտրել մարդու ներսում,-այս մասին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Մասնագետի կարծիքով պետք է պարզել մարդու խնդիրների լուծման մարտավարությունը, դիրքորոշումները: Որոշ մարդկանց համար դեռահասության տարիքում ինքնասպանությունը կարող է որպես ռոմանտիկա դիտարկվել:

Ինքնասպանությունը պայմանավորված է մարդու՝ խնդիրները լուծելու դիրքորոշմամբ և ոճով: Ինքնասպանություն գործողները խնդիրները ապրում են, չեն լուծում: Այսինքն, կարելի է առանձնացնել մարդկանց 2 տիպ՝ մի մասը «հարձակվում է»՝ լուծում խնդիրները, մյուս տիպը՝ փախչում դրանցից:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն էլ նշել է, որ 2015-ին արձանագրվել է 195 ինքնասպանության և 557՝ ինքնասպանության փորձ կատարելու դեպք: Ըստ փորձագետի՝ ինքնասպանություն կատարողների հիմնական մասը 40-ից բարձր տարիքային խումբն է, ընդ որում՝ ինքնասպանության հակված են ավելի շատ արական սեռի ներկայացուցիչները։ Արական սեռի կողմից 3-4 անգամ ավելի շատ են ինքնասպանության դեպքեր գրանցվում:

-Ցավոք սրտի, ունեցել ենք ինքնասպանության դեպքեր նաև 18-ից ցածր տարիքային խմբի շրջանակում: Անցյալ տարի գրանցվել է 3 դեպք, այս տարի, բարեբախտաբար, դեպքեր չեն գրանցվել,-նշել է նա:

Ըստ մարզերի բաշխվածության՝ գերակշռում է մայրաքաղաքը՝ բնակչության խտության բարձր լինելու պատճառով, իսկ մայրաքաղաքից հետո Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերն են. համապատասխանաբար, 25, 25 և 17 դեպքեր են գրանցվել: 2014թ. համեմատությամբ՝ 2015թ. գրանցվել է ինքնասպանության աճ՝ 40 դեպքով:

«Vesti.am» այն հարցին, արդյոք իշխանությունների վարած քաղաքականությունն ու ինքնասպանությունների թվի աճն ուղիղ համեմատական չե՞ն, Խանգելդյանը պատասխանել է, որ օրենքով արգելված է փրկարարներին քաղաքականությամբ զբաղվել, այդ իսկ պատճառով կապը մեկը մյուսի հետ նրանք չեն կարող ներկայացնել:

Մանրամասները՝ «Vesti.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը