Մեկնաբանություն

27.02.2016 13:50


«Թարգել» երրորդ ուժի վրա «մուննաթ գալու» ազգային ավանդույթը

«Թարգել» երրորդ ուժի վրա «մուննաթ գալու» ազգային ավանդույթը

Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված Հայաստանին զենք մատակարարելու հետ:

ՌԴ-ից պատասխանել էին, որ Հայաստանն իրենց ռազմավարական գործընկերն է, և որ Ադրբեջանն իրենց բարեկամն է, հետևաբար վերջինս անհանգստանալու բան չունի: Այսինքն՝ ռուսներն իրենց շահերից ելնելով են գործել: Ալիևն էլ Ադրբեջանի շահն է փորձել պաշտպանել: Իսկ ահա Հայաստանում իշխանությունները պաշտպանում են միայն իրենց անձնական շահը՝ դրսում բերանները ջուր առնելով և անողնաշար վարքագիծ դրսևորելով:

Ու առնվազն զարմանք են առաջացնում այն գնահատական-«մուննաթները», թե բա՝ տեսեք, Կրեմլը չի ուզում նեղացնել Բաքվին ու որոշակի բացատրություններ է ներկայացնում Հայաստանին զենք մատակարարելու առիթով: Զարմանալի են այդ գնահատականներն այն պարզ պատճառով, որ մեզանում դեռ շարունակում է մնալ երրորդ ուժին ապավինելու մտածողությունը:

Հայաստանն իր շահը պետք է պաշտպանի և դրսում դաշնակիցներ գտնի, այլ ոչ թե աղքատ բարեկամի կարգավիճակով տեր փնտրի ռուսաստաններում, ամերիկաներում, պարսկաստաններում կամ եվրոպաներում:

Իսկ այն, որ Ռուսաստանի համար Հայաստանից ոչ պակաս կարևոր են Ադրբեջանի և ընդհանրապես Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ հարաբերությունները, նորություն չէ: Ընդ որում՝ որքան ատամ է ցույց տալիս պետությունը, այնքան ավելի նրբանկատ ու հարգալից են դառնում Մոսկվայում:

Օրինակ՝ Վրաստանի ու Ադրբեջանի համար Կրեմլում ավելի են «դողում», քան Հայաստանի, քանզի այդ երկրները սեփական նախաձեռնությամբ, կոպիտ ասած, չեն «կզում»:

Վրաստանին ու Ադրբեջանին հարգելու պատճառն այն չէ, որ, ինչպես մեր տնաբույծ «արևմտամետներն» են «մուտիլովկայական» կոդերով ու թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային ձայնակցելու նպատակով գրում, ռուսները մեզ չեն սիրում: Պատճառն այն է, որ 2008-ից սկսած՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դարձավ «նախաձեռնողական»: ՀՀԿ ղեկավարն ինքնամատուցվեց Կրեմլին և, միևնույն ժամանակ, դրսում դարձավ «Այո-մարդ», իսկ այնտեղ այդպիսիների հետ հարաբերվելու հատուկ մեթոդ ունեն և այդ մեթոդը տարածում են նաև տվյալ երկրի վրա:

Աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունն ու կանխատեսելի վարքագծի բացակայությունը հանգեցրեցին այն բանին, որ մեզ սկսեցին չհարգել Արևմուտքում և չվստահել Ռուսաստանում:

Տեղին է հիշեցնելը, որ Հայաստանի նախորդ երկու նախագահների ժամանակ այդպես չի եղել:

Բորիս Ելցինն ընդգծված հարգալից վերաբերմունք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Վերջինս ընդունելի էր նաև Արևմուտքի համար:

Չմոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին հաջողվեց տարածքներ ազատագրել, բայց միջազգային «իզգոյի» չվերածվել: Ճիշտ է, այդ ամենին նպաստում էին միջազգային խոշոր խաղացողների հակադիր շահերը, ինչպես նաև մերոնց ռազմական հաջողությունները, բայց դե, պետք էր կարողանալ նաև օգտվել այդ վիճակից:

Կոմպլեմենտար քաղաքականության արդյունքում վստահելի գործընկերոջ կարգավիճակ ուներ Ռոբերտ Քոչարյանը: Պատահական չէ, որ երկրորդ նախագահի կառավարման շրջանում հսկայական քանակի արևմտյան կապիտալ մտավ Հայաստան: Եվ դա հաջողվում էր անել ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունների խորացման և Վլադիմիր Պուտինի հետ փայլուն ընկերական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ (Քոչարյան-Պուտին նորմալ մարդկային հարաբերությունները պահպանվել են մինչև հիմա. նրանք պարբերաբար հանդիպում են և հրատապ թեմաների վերաբերյալ քննարկումներ ունենում):

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրան նախագահի կարգավիճակում հաջողվեց միայն մի քանի ամիս փայլուն մարդկային հարաբերություններ ունենալ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ («ֆուտբոլային» այն օրերին ՀՀԿ ղեկավարը նույնիսկ օդից էր նամակներ հղում Գյուլին ու դրականորեն արտահայտվում Աբդուլլահի կնոջ պատրաստած քյաբաբների մասին), բայց այդ հարաբերությունների քաղաքական վատ հետևանքները Հայաստանի ու Ղարաբաղի համար զգացվում են մինչև հիմա ու դեռ զգացվելու են («Նախագա՛հ, մի՛ զիջիր»):

Սարգսյանական «նախաձեռնողականության» և «արևմտամետության» արդյունքում լավացան ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ վերածվելով ռազմավարականի, և վատացան հայ-ռուսական կապերը (պարզապես ամոթալի էին այն ամիսները, երբ Սերժ Սարգսյանը խնդրվում, բայց չէր կարողանում հանդիպման արժանանալ Պուտինից, ու երբ դա վերջապես հաջողվում էր, հայտարարում էր, թե շնորհակալ է, որ իրեն ընդունել են):

Մեկ գիշերվա մեջ Մաքսային միության «պադվալում» հայտնվելն էլ Արևմուտքում գցեց Հայաստանի վարկանիշը, բայց նաև չբարձրացրեց այն ՌԴ-ում:

Այնպես որ, Հայաստանի բոլոր խնդիրների պատճառները պետք է փնտրել ներսում: Հիմարություն է այս կամ այն պետության վրա «մուննաթ գալը»:

Այո՛, հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը մեզ պետք է, բայց դրանք պետք են նաև ՌԴ-ին: Իսկ դա նշանակում է, որ պետք չէ վասալային հոգեբանությամբ հարաբերվել Կրեմլի հետ:

Հայ-ռուսական հարաբերությունների նորմալացմանը հնարավոր չէ հասնել Պուտինին արևելյան ոճով քծնելով ու պալատական գրող-«ծովահեն» Զորի Գայկովիչի նամակի միջոցով հավատարմության երդումներ տալով:

Ինչ մնում է զենքի թեմային, ապա ռուսները մեզ և ադրբեջանցիներին զենք մատակարարել են Ղարաբաղյան պատերազմի տարիներին, բայց ռազմի դաշտում հաղթել ենք մենք, քանզի ապավինել ենք միայն ինքներս մեզ:

Մի խոսքով, երրորդ ուժի վրա «մուննաթ գալու» ազգային ավանդույթը պետք է «թարգել» և չփորձել «նախաձեռնողականի» սխալները տեսնելու փոխարեն չար Պուտինին մեղադրել ու այդպիսով Սարգսյանին անուղղակիորեն պաշտպանել:

Կունենանք արժանապատվություն ունեցող ղեկավար և զարգացող երկիր՝ կունենանք նաև մեզ հարգող արտաքին աշխարհ: Եվ ուրեմն, փոփոխությունները պետք է սկսել ներսից:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ռուս-թուրքական լարված հարաբերությունները ստիպել են մեր որոշ «ազգային» շրջանակներին հույս ունենալ, թե ռուսները շուտով Արարատը վերցնելու են թուրքերից ու տալու են հայերին: Սրանց հակադրվող «արևմտամետ» շրջանակներն էլ գրում են, թե բա՝ դա սուտ է, քանզի Արարատը հայերին են վերադարձնելու արևմտյան երկրները, և ռուսները պարզապես ուզում են «վեննա մտնել» Արևմուտքի լավության մեջ: Ահա այսպիսին են ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն «արևմտամետներն» ու «ռուսամետները»: Ու դժվար է հասկանալ, թե սրանք իրո՞ք անմեղսունակ են, թե՞ անմեղսունակ են խաղում:

Այս խորագրի վերջին նյութերը