Մեկնաբանություն

27.02.2016 21:15


Մենք ենք ու Ավստրիան՝ չհաշված Տիգրան Համասյանը

Մենք ենք ու Ավստրիան՝ չհաշված Տիգրան Համասյանը

Մինչ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը (ջազային կատարումների կախարդը) նախապատրաստվում էր բարեգործական համերգով հանդես գալ Գյումրիի տնակներից մեկում, Սերժ Սարգսյանը նույն ընթացքում շարունակում է ՀՀ դեսպանների եւ առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքը:

Երեկ նա իր մոտ էր հրավիրել հերթական «ներդրող հայթայթողի»՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանին եւ մինչ կլսեր դեսպանի զեկույցը, ինքը ՀՀԿ ղեկավարը հանդես եկավ կարճ ելույթով, որում մատնանշեց հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգում եղած հարցերը եւ, մասնավորապես հայտարարեց. «Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ՝ ընդհուպ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար»:

Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք։

2008-ից ի վեր, փաստորեն, առաջին անգամ Սերժ Սարգսյանը հանկարծ նկատեց, որ տարեցտարի արտաքին ներդրումների ծավալը կրճատվել է: Այնքան, որ հիմա արդեն այս երկրում ոչ ոք չի ցանկանում ներդրում անել: Ավելին՝ տեղական բիզնես շրջանակը ներկայացնողներն են իրենց բիզնեսը հանում դուրս:

Նա նոր միայն նկատեց, որ լուսահոգի Քըրք Քըրքորյանը դեռ կենդանության օրոք՝ 2009-ին, փակեց «Լինսի» հիմնադրամը (էլ չասած, որ կտակում էլ Հայաստանի մասին տող չի գրել):

Սերժ Սարգսյանը հիմա է միայն կարեւորում ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծման հանգամանքը եւ պատրաստ է անգամ նրանց համար հատուկ օրենք ընդունել (երեւի, «50 տոկոս փայատիրոջ հացը կտրելու» կուրս է վերցրել): Ինչպիսի՜ բարեհոգություն:

Հավանաբար, նա իր նշանակած սիրելի վարչապետին՝ «օֆշորի Տիկոյին» շա՜տ էր հավատում, որը ժամանակին ինչ-որ աղյուսակներ էր հրապարակում՝ փորձելով ծիծաղելիորեն ապացուցել, որ այնքան էլ ճիշտ չէ զարկ տալ շինարարությանը, այլ պետք է երկրում «տարածաշրջանային կենտրոններ» ստեղծել ու Գյումրին էլ դարձնել «ծովափնյա տուրիզմի քաղաք» (ի դեպ, այսօր այդ քաղաքում փողոցներն ու պողոտաներն այնպես են քանդվել, որ լճեր են առաջացել. երեւի, մի բան գիտեր, էլի, Տիգրան Սարգսյանը…մի քիչ էլ քանդած մնա՝ ծով կառաջանա):

Եվ մինչ Սերժ Սարգսյանը ներդրումներ ներգրավելու թեմայով խորհրդակցությունների շարքը շարունակում է, այսօր Գյումրիին առարկայորեն իր աջակցությունն է բերում դաշնակահար Տիգրան Համասյանը, որը նվագում է տնակներից մեկում, որպեսզի բարեգործական ակցիայի շրջանակներում հանգանակված գումարով բնակարանների տեր դառնա գոնե 13 ընտանիք:

Թշվառության մեջ հայտնված՝ պիտանելիության ժամկետը կորցրած տնակներում ապրող, նույնն է թե՝ անօթեւան մնացած այդ ընտանիքները վաղուց պետք է բնակարանի տեր դառնային, բայց դե, իշխանական վերնախավը սեփական շքեղ առանձնատների կոլեկցիա է հավաքում. կառուցում է մեկը մյուսի հետեւից ու դեռ չի կշտանում: Նրանց փոխարեն հայտնի դաշնակահարն է մտածում անօթեւանների մասին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը