Մեկնաբանություն

29.02.2016 11:50


«Ներդրումներ» օպերացիան

«Ներդրումներ» օպերացիան

2008-ից հետո Հայաստանում մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները վատացել են: Անգամ ամենակարող Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարողացել թաքցնել այդ փաստը:

Ամենացավոտ խնդիրներից է ներդրումների կրճատումը: Պատճառն այն չէ, որ փող չկա: Փող կա և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս:

Հայաստանից կապիտալը փախչում է և, բնականաբար, չի վերածվում ներդրումների: Դե, իսկ դրսի ներդրողը հիմար չէ, որ Հայաստանից կապիտալի փախուստի պայմաններում գումար ներդնի այստեղ: Ահա այսպիսին է պատկերը Սերժ Սարգսյանի «նախաձեռողական» ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում:

Մարդիկ տեսնում են, որ Հայաստանի տնտեսության թուլացման, աղքատության ավելացման ու արտագաղթի աճի համապատկերին վատանում է բիզնես միջավայրը, և ֆինանսապես տուժում են բիզնեսի բոլոր շերտերը: Տեսնում են նաև, որ սրան զուգահեռ՝ ֆինանսապես շահում են ՀՀԿ ղեկավարն ու իր նեղ շրջապատը: Տեսնում են ու հետևություններ անում:

Պարզ է, որ այս պայմաններում ոչ մի ներդրման մասին խոսք անգամ լինել չի կարող, և Հայաստանն իր ֆինանսական անցքերը փակում է բացառապես արտաքին պարտքի ավելացման միջոցով՝ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» մտածողության շրջանակներում:

Սարգսյանը գիտի, որ արտաքին ներդրումներ չեն լինելու իր իսկ կողմից թելադրված խաղի կանոնների պայմաններում: Գիտի, բայց ցուցադրական ակցիաներ է կազմակերպում՝ դեսպանների մասնակցությամբ: Այդ ակցիաները շատ նման են իրենց բնույթով Տիգրան Սարգսյանի՝ «Հայաստանը դարձնենք տարատեսակ միջազգային կենտրոններ» բլեֆին:

Դեսպանների մասնակցությամբ նյուվասյուկիստական ոճի խորհրդակցությունների կազմակերպումը զուտ ներքին «մուտիլովկայական» նպատակ է հետապնդում: Սարգսյանն ուզում է ցույց տալ, թե, իբր, մինչև հիմա ինքը տնտեսությամբ չի զբաղվել, քանի որ կամ գլուխն է խառը եղել, կամ էլ կողքից խանգարել են: Եվ ահա, հիմա նա ձեռնամուխ է եղել ներդրումների հայթայթմանը:

Ի դեպ, նման ձևով «PR»-ակցիաներ էին արվում Սերժ Սարգսյան – Աբդուլլահ Գյուլ հանդիպումների, Սերժ Սարգսյան – ՀՀ-ում գրանցված տասնյակ կուսակցությունների ղեկավարներ ձևաչափով անցկացվող թամաշա-խորհրդակցությունների, Սերժ Սարգսյանի «եվրաասոցացման», Սերժ Սարգսյանի ԵՏՄ-ացման, Սերժ Սարգսյանի կողմից «ապահով Հայաստանի» ստեղծման, Սերժ Սարգսյանի՝ Իրան-Հայաստան երկթագծի ու նոր ատոմակայանի կառուցում, ինչպես նաև Համահայկական բանկի միջոցով բազմամիլիոնանոց ծրագրերի ֆինանսավորում խոստանալու և այլ նմանատիպ պատմությունների ժամանակ: Արդյունքները բոլորի աչքի առաջ են:

Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել «Սերժ Սարգսյանը՝ ներդրումների հայթայթող» սերիալը, որի բոլոր մասնակիցները գիտեն, թե ինչն ինչոց է, բայց դե, դեր է՝ կատարում են:

Թե քանի մարդ կհավատա դրան, թող պարզի կոոպերատիվ «Գելափը»:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը