Մեկնաբանություն

29.02.2016 12:30


Նոր Սահմանադրության վտանգներն ու հնարավորությունները

Նոր Սահմանադրության վտանգներն ու հնարավորությունները

Կեղծիքներով անցած նոր Սահմանադրությունն ական է մեր պետության տակ: Այն կարող է արևելյան ոճի առևտրային տարածքի վերածել խորհրդարանը, հաճախորդությունը դարձնել «ինստիտուցիոնալ» և ոչնչացնել առողջ քաղաքական համակարգ ստեղծելու հնարավորությունները:

Ամենավտանգավորը, որ կարող է տեղի ունենալ այս Սահմանադրության պայմաններում, քաղաքական ու տնտեսական գերմենաշնորհային համակարգի ձևավորումն է, որը պարզապես լուրջ հարված կլինի Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը՝ անցանկալի հետևանքներով:

Մյուս կողմից, սակայն, այս նոր Սահմանադրությունը կարելի է օգտագործել վերը նշված գործընթացները թույլ չտալու, քաղաքական դաշտում բեկում մտցնելու, հաղթանակ ապահովելու և մեր երկիրում առաջընթաց ապահովելու համար:

Օրինակ՝ Վրաստանում Սահակաշվիլին փոխեց Սահմանադրությունը, որպեսզի կարողանա վերարտադրվել, սակայն ինչպես «դասականը» կասեր՝ խիարը թարս բուսնեց: Եվ դա այն դեպքում, երբ բոլոր աղաղակող բացասական երևույթներով հանդերձ՝ Վարդերի հեղափոխության առաջնորդը Վրաստանում նաև ահագին դրական բարեփոխումներ էր իրականացրել:

Հիմա նույն բանն ուզում է անել Սերժ Սարգսյանը և վերարտադրվել, բայց, ի տարբերություն Սահակաշվիլու, նա միայն ու միայն ձախողումներ է ունեցել ներքին և արտաքին քաղաքական ոլորտներում՝ լավ արդյունքներ ապահովելով նախագահի աթոռը պահելու և իր նեղ շրջապատի համար ֆինանսական դրախտ ապահովելու հարցերում: Հայաստանը թուլացել է, և այդ թուլացմանը զուգահեռ՝ ֆինանսապես հզորացել է իշխող սարգսյանական կլանը:

Թե որքանով կհաջողվի ՀՀԿ ղեկավարին սեփական վերարտադրության ծրագիրը կյանքի կոչել, Հայաստանում տնտեսաքաղաքական գերմենաշնորհային համակարգ ստեղծել, ցմահ իշխել և հարցականի տակ դնել Հայաստանի ու Ղարաբաղի գոյությունը, կախված է մեզանից:

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ուզում է փոփոխություններ և այդ փոփոխությունների պարտադիր նախապայման է տեսնում պետական կառավարման համակարգից Սերժ Սարգսյանի հեռացումը: Հարցը, հետևաբար, կազմակերպվածության մեջ է:

Հասարակական ու քաղաքական լայն համախմբումը, քաղաքական բոլոր առողջ ուժերի համագործակցված աշխատանքը կբերեն դրական փոփոխության:

Սարգսյանից ակնկալիք չկա, և իմաստ էլ չունի բողոքել, թե նա կրկին գնալու է հայտնի ձևերով վերարտադրության: Նա անում է այն, ինչ կարող է, և անելու է այնքան, ինչքան թույլ կտան հանրությունն ու չհաճախորդացված քաղաքական դասը:

Մեզ պետք է, հետևաբար, չհետաքրքրի, թե ինչ է անում Սարգսյանը: Նրա հետ ամեն ինչ պարզ է:

Բոլորիս պետք է հետաքրքրի այն հարցը, թե ինչ ենք անում և անելու մենք: Մնացածն անիմաստ նվնվոց է:

Եթե դիմադրություն և կազմակերպված պայքար չլինի, ապա նոր Սահմանադրությունը կգործի այնպես, ինչպես ծրագրել են Բաղրամյան 26-ում՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով: Հակառակ պարագայում կունենանք հաղթանակ և դրական փոփոխություններ: Եվ ուրեմն, պետք է օգտագործել հակառակ թևի գործիքն իր իսկ դեմ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը