Լրահոս

09.10.2010 12:57


Հրաչյա Մաթևոսյան. «Հայ ազգը գնալով բարոյազրկվում է»

Արդեն տեղեկացրել ենք, որ «Կենտրոնական գերեզմանատան» քաղաքային պանթեոնից գողացել են Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարին տեղադրված կիսանդրին: Անդրադառնալով այդ փաստին՝ գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանն ասել է.

-Հայ ազգը գնալով բարոյազրկվում է: Այսօրվա կողոպտիչները հայրենիք են կողոպտում:

Նա նաև նշել է, որ «ուզում է հեռանալ այս գետինը մտած, թալանչի իշխանություններից»:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն էլ նշել է, որ հասարակությունը բարոյազրկվում է և մենք ապրում ենք խաչագողերի մակարդակի հասարակությունում։

Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանի խոսքերով էլ՝ բրոնզե կիսանդրին գողացվել է առնվազն մեկ ամիս առաջ և քաղաքային իշխանությունները պարտավոր էին հսկել, հոգ տանել շիրմաքարերի նկատմամբ, ինչը չեն արել:

Կ. Ռաֆայելյանը նշել է նաև, որ այժմ իրենց գլխավոր նպատակը Դեմիրճյանի աճյունի տեղափոխումն է Կոմիտասի անվան պանթեոն:

Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքային պանթեոնից գողացել էին Հրաչյա Աճառյանի տապանաքարից մի կտոր, Երվանդ Քոչարի տապանաքարի վրայի մետաղյա դափնեպսակի տերևները, Վաղարշ Վաղարշյանի շիրմաքարից նրա մետաղյա թիկնոցը:

Այս խորագրի վերջին նյութերը