Մեկնաբանություն

01.03.2016 22:30


Արամ Սարգսյանի վերջին շանսը

Արամ Սարգսյանի վերջին շանսը

«Մասնագիտությամբ» Վազգեն Սարգսյանի եղբայր հանդիսացող և Վազգեն Սարգսյանին գաղափարապես դավաճանած Արամ Սարգսյանն իր համար շանս է տեսել: Վերջին շանս:

Նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ն աղբանոց նետեց դհոլություն անող բազմաթիվ հաճախորդներին և ահագին կրճատեց արտահաստիքայիններին: «Կրճատման տակ» ընկավ նաև Արամ Սարգսյանը:

Սրան այլ բան չէր մնացել, քան նախագահական նստավայրի «կադրերի տրամադրության տակ» հայտնվելն ու բոլոր տիպի հաճախորդների վերջին հանգրվան դարձած «1in.am»-ին ժամանակ առ ժամանակ անիմաստ հարցազրույցներ տալը՝ իր մասին «վերևներին» հիշեցնելու նպատակով:

Արամը երբեմն նաև ատամ էր ցույց տալիս՝ հասկացնելու համար, թե կարող է Սերժ Սարգսյանի դեմ աշխատել, եթե իրեն շատ աչքաթող անեն:

Նա հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ժամանակին իրեն խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպված էր, և հիմա ինքը սպասում է Ս. Սարգսյանի խոսքին: Արամն իր այս հայտարարությամբ իրականում Սերժ Սարգսյանի այլ խոսքի էր սպասում, բայց նրա ատամ ցույց տալուն բանի տեղ չդրեցին՝ հասկացնելով, որ հին դհոլի կարիքը դեռ չեն զգում:

Մարտի 1-ի թեմայով

Այսօր պարզվեց, որ Արամ Սարգսյանը հաճախորդության երկրորդ շնչառությունն է բացել, քանի որ վերակենդանացման ուղի է տեսել: Ու դժվար է ասել, թե դա նրա մոտ ստացվել է ինքնաբո՞ւխ, թե՞ նախապես ձեռք բերված համաձայնության շրջանակներում:

Փաստն այն է, որ մարտի 1-ի հետ կապված միջոցառումների ժամանակ Ա. Սարգսյանը Սերժ Սարգսյանի օգտին գեղամյանություն է արել տխրահռչակ «1in.am»-ի եթերում: Նա իր գնահատականներում օգտագործել է «Գեբելսյան» քարոզչամեքենայի բոլոր կոդերը:

Այսպես, անդրադառնալով նախագահական ընտրություններին, 2008-ի հետընտրական զարգացումներին ու մարտի 1-ի դեպքերին՝ նա Սերժ Սարգսյանին, ով մարտի 1-ի թիվ մեկ շահառուն է, ներկայացրել է որպես ... զոհ, իսկ մարտի 1-ը՝ Սերժ Սարգսյանի թիկունքում կազմակերպված բանսարկություն և դավադրություն:

«Լուրջ դասեր ունի քաղելու գործող նախագահը, որովհետև ինքը պիտի հասկանա, թե այդ բանսարկությունն ինչի համար էր: Դա առաջին հերթին իր դեմ էր ուղղված, ու ինքը ճիշտ կանի՝ էդ գործը բացահայտի, որովհետև այդ բանսարկուն միշտ կանգնած է իր թիկունքում»,- նշել է Արամ Սարգսյանը:

Փաստորեն, ըստ Ա. Սարգսյանի, 2008-ի մարտի 1-ին Սերժ Սարգսյանի գլխին, այսպես ասած, «սարքել են» (դե՛, Ռոբերտ Քոչարյանը, էլի՛), ու հիմա նա պետք է բացահայտի սպանությունները, որպեսզի պատժի բանսարկուներին և իր թիկունքն ապահովագրի: Ա՛յ, ա՛յ, ա՛յ:

Այսինքն՝ ստացվում է, որ մարտի 1-ը տեղի է ունեցել ոչ թե կեղծված ընտրությունների արդյունքում, այլ որովհետև բանսարկություն է եղել, որն առաջին հերթին ուղղված է եղել «խեղճ» Սերժ Սարգսյանի դեմ: Ու որպեսզի նա հանգիստ լինի, պետք է բացահայտի (Արամն, ըստ այդմ, բացահայտումը ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության հաստատման հարթության մեջ է դիտարկում, այլ Սերժ Սարգսյանի թիկունքն ապահովագրելու):

Նկատենք, որ սա այն նույն կոդն է, որը 2008-ից հետո շրջանառության մեջ է դրել «Գեբելսյան» քարոզչամեքենան՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելով զոհի կարգավիճակում:

«Սերժն ի՞նչ մեղավոր է: Ամեն ինչ չար Քոչարյանն արեց և հարամեց գյոզալական ընտրությունները, որպեսզի դժվարություններ ստեղծի նրա համար»,- տարածում էին «անկախ» լրատվամիջոցները:

Թե քանի չորքոտանի կհատավա այդ «մուտիլովկային», արդեն իրենց չի հետաքրքրում: Սերժական քարոզիչների խնդիրը սուտը բազմիցս կրկնելն ու դա, ի վերջո, ճշմարտության տեղ անցկացնելն է: Ու նրանք, բնականաբար, «մոռացել» են, որ մարտի 1-ին իշխանական համապատասխան շտաբը գործել է Կառավարության շենքում, և այդ շտաբը ղեկավարել է այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը սա շատ լավ գիտի, բայց դհոլությունը պահանջում է Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես զոհ, և նա դա անում է:

Արամն, ի դեպ, այլ պատճառ էլ ունի Սերժ Սարգսյանին մարտի 1-ի պահով պաշտպանելու: Բանն այն է, որ այն օրերին, երբ ընդդիմադիր գործիչներին հետապնդում էին ու բանտեր նետում, Արամի մազին անգամ չդիպան:

Ավելին՝ սպանվածների արյան հետքերը դեռ չչորացած՝ տեղի ունեցավ գործարք, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեց Արամի եղբայր Արմենը, ով դատապարտվել էր լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար (ազատազրկվածից ՊՆ աշխատակցի վերածված Արմեն Սարգսյանն էլ իր հերթին ամեն առիթով նշում է, թե հոկտեմբերի 27-ի հետ Սերժ Սարգսյանը կապ չունի, մինչդեռ այն ժամանակվա Ազգային անվտանգության նախարարության ղեկավար Սերժ Սարգսյանն ի պաշտոնե պետք է կանխեր սպանդը և առնվազն այդ մասով պատասխանատու է տեղի ունեցածի համար):

Արմենը բանտից դուրս եկավ ու մարտի 1-ի դեպքերի համապատկերին՝ լեգիտիմ նախագահ ճանաչեց Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ավելորդ ձևեր չթափեց, թե ինքը թունդ ընդդիմադիր է և պատահաբար է ժամկետից շուտ հայտնվել ազատության մեջ:

Արմեն Սարգսյանը ցույց տվեց, որ «ազատություն՝ սատարման դիմաց» գործարքի արդյունքում է դուրս եկել բանտից ու չի ուզում անբարոյականություն անել՝ ցույց տալով, թե, իբր, թունդ ընդդիմադիր է: Իսկ ահա Աստծո անունը հաճախ տվող և իրեն քրիստոնեական արժեքներով ապրող մարդու կերպարով ներկայացնող Արամը «Սարոյան եղբայր» է խաղում՝ բազում ծառայություններ մատուցելով Սերժ Սարգսյանին և հայտարարելով, թե ինքն ու եղբայրը քաղաքական առումով տարաձայնություններ ունեն. ինքը թունդ ընդդիմադիր է, իսկ եղբայրը՝ թունդ սերժամետ:

Մեզ մնում է տվյալ դեպքում արձանագրել, որ Արամ Սարգսյանն անբարոյականություն է ցուցաբերում՝ կուրծք ծեծելով մարտի 1-ի թեմայով և «տակից» աշխատելով մարտի 1-ի թիվ մեկ շահառուի օգտին:

Վարդան Օսկանյանի թեմայով

Արամ Սարգսյանը, բացի մարտի 1-ի թեմայով Սերժ Սարգսյանի համար փաստաբանություն անելուց ու նրա դարդը լացելուց, նաև մեկ այլ թեմայի է անդրադարձել և կրկին աչքի ընկել գեղամյանությամբ:

«Առավոտ» թերթի թղթակցի հետ զրույցում նա քննադատել է Վարդան Օսկանյանին՝ անթույլատրելի համարելով նախկին արտգործնախարարի՝ քաղաքական դաշտում ակտիվ գործելու և կուսակցություն ստեղծելու մտադրությունները:

Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին մարտի 1-ի զոհ ներկայացնելուն զուգահեռ՝ մարտի 1-ի համար մեղադրել է Վարդան Օսկանյանին այն նույն էժանագին ձևակերպումերով, որոնցով ութ տարի շարունակ աչքի են ընկել Բ26-ին սպասարկող «անկախ» մամուլն ու հաճախորդաց բանակը:

Նկատենք, որ Արամը շատ լավ է որսացել պահը, ճիշտ գնահատել իրավիճակն ու հասկացել, թե որ ուղղությամբ պետք է աշխատել, որպեսզի դհոլությունը գնահատվի և պահանջարկ ունենա «Վերջի բոլշևիկի» մոտ:

Արամին ասենք, որ նա՝ որպես մանր կոմերսանտ, վատ չի հաշվել. Սերժ Սարգսյանն իր բոլոր ռեսուրսները հենց այդ ուղղությամբ է աշխատեցնում:

Սա Արամի՝ «զրոներ» փախցնելու վերջին շանսն է: Բայց դե, մրցակցությունն այդ տիրույթում այնքան լարված է լինելու, որ արամների «Դոու Ջոնսը», այն է՝ «հաճախորդաց ինդեքսը», մի քանի «զրոյով» պակասելու է:

Համ էլ՝ շունն ինչքան հաչի, քարավանը, միևնույն է, գնալու է՝ իր հետևում թողնելով ինչպես շներին, այնպես էլ դրանց տիրոջը:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը