Լրահոս

09.10.2010 08:42


Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ազատական կուսակցությունների պոտսդամյան հռչակագիրը

Հոկտեմբերի 7-ին,  ուշ երեկոյան Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ստորագրվել է սույն հռչակագիրը.

Մենք' Եվրոպական Ազատական կուսակցության անդամ կուսակցությունների ղեկավարներս, «Ճանապարհ դեպի խաղաղություն Հարավային Կովկասում. Սեփականություն, ազատություն, բարեկեցություն» կոնֆերանսի մասնակիցներս, գիտակցելով մեր տարածաշրջանի ժողովուրդների համար բախտորոշ այս ժամանակաշրջանը' մտադիր ենք նախաձեռնել հետագա քայլեր համամարդկային արժեքների հաստատման համար:

Հաստատում ենք, որ այսօր, ինչպես երբեւէ, ժողովրդավարական սկզբունքները պահանջված են մեր ժողովուրդների կողմից, որոնք երկար տարիներ տառապում են հակամարտություններից, բռնությունից, կոռուպցիայից, մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների ոտնահարումից:

Անհրաժեշտ ենք գտնում համագործակցել մեզ համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում, կյանքի իրավունքի, օրենքի առաջ անձի հավասարության եւ ազատության, սեփականության անձեռնմխելիության եւ շուկայական ազատ հարաբերությունների եւ ընտրությունների, պետական

կառավարման թափանցիկության հարցերում:

Հավատարիմ մնալով իրավական եւ ժողովրդավարական պետության գաղափարներին' գտնում ենք, որ մեր գործունեության առաջնահերթությունն է բաց հասարակություններ ստեղծելը' հիմնված օրենքի գերակայության, բազմակարծության եւ պետության ժողովրդավարական կառավարման, քաղաքացիների իրավունքների հարգման վրա' անկախ նրանց ազգային եւ կրոնական պատկանելությունից:

Հաստատակամորեն հանդես ենք գալիս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման, քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցման, խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակման վերացման օգտին:

Հարավային Կովկասի ապագան' հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ լիարժեք ու լայնամասշտաբ համագործակցությունն է' այն վերածելով կայուն եւ զարգացող տարածաշրջանի, որը անմիջականորեն կապված է եվրոպական տարածաշրջանի ինտեգրմանը, ինչի համար էլ մենք գործադրում ենք մեր ջանքերը:

Ստորագրելով սույն հռչակագիրը' մենք պատրաստակամություն ենք հայտնում համագործակցել մեր դիրքորոշումը կիսող բոլոր ժողովրդավարական ուժերի հետ:

Իսա Ղամբար' Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության նախագահ

Դավիթ Ուսուպաշվիլի' Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահ

Արամ Մանուկյան' Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը