Մեկնաբանություն

02.03.2016 20:05


Գողեգող գործելակերպի հերթական փաստը

Գողեգող գործելակերպի հերթական փաստը

Իշխանությունը շատ հանգիստ հասարակության եւ մնացած ընդդիմադիր «բեկորների» քթի տակով Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն ուղարկել է Վենետիկի հանձնաժողովին՝ նույնքան հանգիստ սպասելով այդ «կաշառասուն» կառույցի եզրակացությանը:

Ինչպես Սահմանադրության նախագծի դեպքում վարվեցին, այնպես էլ հիմա ԸՕ-ի «բարեփոխման» գործընթացն են ավարտին հասցրել: Գաղտագողի, առանց որեւէ մեկի առաջարկությունը կամ կարծիքը հարցնելու, իշխանությունը՝, ըստ հարմարության, դզել-փչել է ընտրական գործընթացի կազմակերպումը, ազնիվ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը երաշխավորող «սուրբ գիրքը»:

Ընդդիմադիրների բորբոքված ելույթներին ի պատասխան՝ իշխանական գործիչներն ասում են՝ հանգի՛ստ եղեք. այդ նախագծում մենք լավ-լավ բաներ ենք գրել:

Ինչ վերաբերում է քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակմանը (որը ընդդիմադիրների գլխավոր պահաջն ու առաջարկությունն է), իշխանական ճամբարից բացատրում են, թե բողոքարկման դեպքում կարող են մի կտոր նկարել ընտրացուցակների տվյալ հատվածից:

Կարճ ասած՝ իշխանությունը հանրութանն էշի տեղ է դրել:

Մինչ այս խոհերի մեջ էի, հանկարծ լուր եկավ, որ գիշերը Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իշխանության կողմից մշակված Ընտրական օրենսգրքի նախագիծը: Անգլերեն:

Ու հիմա տեսնում եմ, որ առանձին անձինք ու կազմակերպություններ «շան քթից ջուր խմելով»՝ թարգմանում եւ հրապարակում են նախագծի տեքստը: Ոչ մի թարգմանությունից ոչինչ չես հասկանում:

Այն, ինչ պաշտոնապես պետք է աներ իշխանությունը, դա էլ են թողել շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների վրա: Իսկական ձեռառնոցի: Ասես՝ իշխանությունը հեռվում կանգնած՝ հրճվում ու հեգնում է անհատ թարգմանիչների աշխատանքը:

«Ա՛յ, ըտե՛նց, չարչարվե՜ք, չարչարվե՜ք…մինչեւ ուշքի գաք ու հասկանաք, թե ինչ նախագիծ ենք մշակել ու կորզել Վենետիկի դրական գնահատականը, վրա կհասնի ընտրությունների ժամանակը»- մտքում չարախնդում են նախագծի հեղինակները:

Սա է Սերժ Սարգսյանի գործելակերպը. ամեն ինչ անել գաղտնի, ընդունել գիշերային որոշումներ եւ հետո բոլորին կանգնեցնել փաստի առաջ: Միայն համարժեք ուժն ու համարժեք պատասխանը կարող է իրավիճակը փոխել, այլապես երկիրը կոտրած տաշտակի առջև կկանգնի, չի դիմանա այս ամենին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը