Մեկնաբանություն

03.03.2016 14:30


Կառավարության «երիտասարդ» և «արհեստավարժ» կադրը

Կառավարության «երիտասարդ» և «արհեստավարժ» կադրը

«Անկախ» լրատվամիջոցներն էքստազի մեջ են հայտնվել Սերժ Սարգսյանի «փետրվարյան թեզիսներից»։ Համենայնդեպս, այդպես են ցույց տալիս՝ փորձելով միամիտներին հավատացնել, թե ՀՀԿ ղեկավարը բարեփոխումների է գնում՝ տեղ տալով երիտասարդ կադրերին (Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ամեն ինչ այնքան «ֆեյքացավ», որ, ի վերջո, լուրջ կառույցներից մեկի ղեկավարումն էլ հանձնվեց «ֆեյքի»)։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս կամ այն պաշտոնյայի տարիքը չի կարող դրվել բարեփոխման հիմքում։ Բարեփոխման հիմքում պետք է լինեն գաղափարախոսությունն ու իրականացվելիք ծրագիրը։

Եթե բարեփոխման հիմքում դնում ես կադրի տարիքը, ապա դա նշանակում է, որ էժանագին դեմագոգիայով ես զբաղված, համ էլ՝ այլ ասելիք չունես։

Սարգսյանն, իրոք, հանրությանն ասելիք չունի։ Նա վաղուց է ցույց տվել, որ զբաղված է բացառապես իր ու իր նեղ շրջապատի մասնավոր շահերի բավարարմամբ։ Այդ շահերը ոչ մի կապ չունեն ՀՀ և ԼՂՀ շահերի հետ. ավելին՝ այդ շահերը, որպես կանոն, ՀՀ և ԼՂՀ շահերի հետ հակադրվում են։

Կյանքն ապացուցել է, որ ՀՀԿ ղեկավարը ոչ մի պետական առաքելություն չունի և ընդամենն ուզում է աթոռը պահել ու վերարտադրվել։

«Երիտասարդ կադր» օպերացիան, հետևաբար, հերթական PR–փուչիկն է, որը փորձ է արվում ծառայեցնել մարդկանց նեղ խմբի շահերի բավարարմանը։ Բայց նույնիսկ այս հարցում չկա հետևողականություն։ Փոխարենը՝ կա խոսքի ու գործի լուրջ հակասություն, ինչ էլ պայթեցնում է PR–փուչիկը։

Այսպես, «1in.am»–ի, «Lragir.am»–ի ու մյուս «Մուտիտ.am»–ների կողմից «ռասկրուտկա արվող» սերժսարգսյանական ելույթն ընկած է ՀՀԿ–ՀՅԴ օրերս ստորագրված համագործակցության համաձայնագրի հիմքում։

Գործարքի արդյունքում ստեղծված այդ փաստաթղթում կարդում ենք. «Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում»։

Դե հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

70–ամյա Երվանդ Զախարյանին նախարարի պաշտոնում փոխարինել է 60–ամյա Լևոն Յոլյանը (փաստորեն, մի ամբողջ տասը տարով կառավարության կազմը երիտասարդացել է, իսկ մենք չենք ուզում նկատել դա. ա՛յ, ա՛յ, ա՛յ), ում աշխատանքի են ընդունել ոչ թե «արհեստավարժության ու հանրային վստահության չափանիշներին համապատասխանելու» համար, այլ այն բանի, որ նա Սերժ Սարգսյանի մտերիմն է, Շախմատի ֆեդերացիայից է և ըստ տարածված տեղեկությունների՝ հանդիսանում է ՀՀԿ ղեկավարի ստվերային գանձապահներից։ Այսինքն՝ ստացվում է, որ մարդուն նախարար են նշանակել՝ հաշվի առնելով նրա միակ, այսպես ասած, արժանիքը՝ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ լինելը և շախմատ խաղալու հակվածությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչով է զբաղվում էներգետիկայի ու բնական պաշարների փողաբեր ու «յուղոտ» նախարարությունը՝ կարելի է ենթադրել, որ ոլորտի մասնագետ չհանդիսացող Յոլյանին նշանակել են գազի, էլեկտրաէներգիայի ու մյուս եկամտաբեր բաների հետ կապված գումարները վերահսկելու և «ճիշտ» չափաբաժիններով «վերև» հասցնելու համար։ Ահա՛ թե իրականում ինչ են նկատի ունեցել «արհեստավարժություն ու հանրային վստահության չափանիշներին համապատասխանություն» ասելով։

Փող հավաքելու և համապատասխան ձևով ծախսելու արհեստավարժություն Յոլյանը միգուցե ունի, բայց ի՞նչ կապ ունի դա Հայաստանի շահերի հետ։ Ոչ մի։

Դե, իսկ Սերժ Սարգսյանի «մարդը» լինելն էլ իր հերթին ոչ թե հանրային վստահության, այլ հանրային անվստահությա՛ն հսկայական չափաբաժին է ապահովում Յոլյանի համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը