Մեկնաբանություն

03.03.2016 17:40


Օսմանյան լուծը, թրքամետ Բուլղարիան և հայ «արևմտամետները»

Օսմանյան լուծը, թրքամետ Բուլղարիան և հայ «արևմտամետները»

Բուլղարիան այսօր՝ մարտի 3–ին, նշում է օսմանյան լծից ազատագրվելու օրը։

Ուշագրավ է, որ թուրքական յաթաղանից ազատվելու տոնակատարությանը երկրի իշխանությունները հրավիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ուշագրավ է նաև այն, որ Բուլղարիան Ռուսաստանից մարդ չի հրավիրել։

Բուլղարական իշխանություններն իրենց այդ որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ 1877–1878թթ. Բուլղարիայում ավելի շատ Օսմանական կայսրության զինվոր է զոհվել, քան ռուս։ Բացի այդ, պաշտոնական Սոֆիան հայտարարել է, որ ներկայումս հարաբերություններն Անկարայի հետ ավելի լավ են, քան Մոսկվայի։

Ի դեպ, ազգային այդ տոնակատարությանը ռուսները չեն հրավիրվում բուլղարական իշխանությունների կողմից 2014 թ.–ից։ Այսինքն՝ այն պահից սկսած, երբ Արևմուտքը կոշտացրել է իր դիրքորոշումը ՌԴ հանդեպ։ Բուլղարիան պարզապես ընկել է հրահանգի տակ։

Այս ամենի կապակցությամբ Կրեմլից Բուլղարիային ցանկացել են միշտ ազատ լինել ցանկացած լծից՝ ակնարկելով այն նոր լծի առկայությունը, որի տակ հիմա կքած է Բուլղարիան։

Տեղին է հիշեցնելը, որ Բուլղարիան Օսմանյան կայսրության կազմում էր 1396-1878թթ.։ 1877–1878թթ. ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո 1878թ. մարտի 3–ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, և Բուլղարիան անկախություն ստացավ:

Թե ինչու են բուլղարական իշխանությունները ռուսների հանդեպ իրենց այդպես «խոզավարի» պահում, ռուսների ու բուլղարացիների խնդիրն է։

Ակնհայտ է, որ Բուլղարիան հիմա հայտնվել է ԱՄՆ–ի (Բուլղարիայի պաշտպանությունն այժմ ամբողջությամբ կախված է ամերիկացիներից) ու Թուրքիայի (ըստ տարբեր գնահատականների՝ Բուլղարիայի բնակչության մոտ 40 տոկոսը թուրքեր են, ու այդ թիվն անըդհատ աճում է, և պատահական չէ, որ այդ երկրի խորհրդարանում թուրքական շահերը ներկայացնող հսկայական հատված կա) լծի տակ: Բուլղարիան, հետևաբար, նոր լծի տակ է։

Կրկնենք՝ այս պատմությամբ թող բուլղարներն ու ռուսները հետաքրքրվեն։ Հատկապես Մոսկվան թող հետևություններ անի, թե այդ ինչպես է ստացվում, որ իրենից եղբայրական ժողովուրդները երես են թեքում։ Թող Մոսկվայում փորձեն հասկանալ, որ «կացնային» քաղաքականությամբ ո՛չ եղբայրական ժողովուրդներ կունենան, ո՛չ դաշնակիցներ և ոչ էլ հզորություն։

Զուտ մարդկայնորեն հասկանալ կարելի է ռուսներին և ընկալել նրանց զայրույթն այս տիպի բաներից, բայց դե, խնդիրները պետք է նրանք ներսում փնտրեն ու հասկանան, թե այդ ինչպես է ստացվում, որ եղբայրական Ուկրաինան դառնում է թշնամի պետություն, ինչպես է, որ հարևան ուղղափառ վրացիները նետվում են դեպի ՆԱՏՕ, ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը գրեթե զրոյական լեգիտիմություն ունի, փորձում է հանրային միավորներ վաստակել Ռուսաստանին ու անձամբ Պուտինին հայհոյող լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ բուծելով՝ բնականաբար, չմոռանալով հրապարակավ հավատարմության երդումներ տալ Կրեմլին (Հայաստանի իշխանությունները «քցում» են նաև Արևմուտքին, և դա է պատճառը, որ սրանց չեն հարգում ու չեն վստահում բոլոր տեղերում) և այլն, և այդպես շարունակ։

Մի խոսքով, ռուսները, ռումբ նետելուց և ուժով գործելուց զատ, պետք է կարողանան նաև «փափուկ ուժ» կիրառել։

Ուժեղ, բաց, ժամանակակից կառավարման համակարգով ու բարեփոխված տնտեսությամբ Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է։ Այնպես որ, Հայաստանը շահագրգռված է որպես ռազմավարական գործընկեր ունենալ այդպիսի Ռուսաստանի։ Վերջինս էլ պետք է շահագրգռված լինի նույն տիպի Հայաստանի առկայությամբ։ Այլապես կտուժեն և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նախագահական նստավայրին կից գործող հայ «արևմտամետների» ձևակերպումներին հետևելիս գալիս ես այն եզրակացության, որ սրանք դեմ չեն լինի Պուտինի «ինադու» Էրդողանին սեր խոստովանելուն՝ Բուլղարիայի անինքնասեր, անարժանապատիվ և անշնորհակալ ղեկավարության պես։

Ճիշտը, հետևաբար, ոչ ռուսամետ, ոչ էլ արևմտամետ կամ եսիմինչամետ լինելն է։ Պետք է հայամետ ու հայաստանակենտրոն լինել։ Միայն այդ դեպքում ՀՀ–ն կունենա դաշնակիցներ դրսում և կկարողանա ինչպես ՌԴ–ի, այնպես էլ Արևմուտքի ու մյուսների հետ նորմալ հարաբերություններ հաստատել։

«Մետության» կողմնակիցները, անկախ «միտվելու» ուղղությունից, ապազգային ու հակապետական ուժեր են՝ լինեն դրանք զորիգայկովիչներ թե արամզավենիչներ։ Սրանք թրքաբոլշևիկներ են։ Իսկ թրքաբոլշևիկներն ազգություն ու հայրենիք չունեն։ Էրդողանի հետ քեֆ կանեն, Ալիևի հետ էլ՝ քիրվայություն։

Այս խորագրի վերջին նյութերը