Մեկնաբանություն

04.03.2016 12:50


Ինչու է «բարեփոխվում» Սերժ Սարգսյանը

Ինչու է «բարեփոխվում» Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերարտադրության, բայց վստահ չէ, որ կստացվի։

Նա ունի երկու վախ։ Նախ՝ հասարակությունը։

Սերժ Սարգսյանը, թերևս, Հայաստանի ամենատեղեկացված մարդն է, և գիտի, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն արդեն ոչ թե չի ընդունում իրեն, այլ ատում է։ Այսինքն՝ քաղաքական լեգիտիմության դեֆիցիտը փոխակերպվել է մետաֆիզիկական ատելության։ Իսկ դա վտանգավոր է հա՛մ իր, հա՛մ պետության, հա՛մ հասարակության համար։

Ահա այդ ատելության դրսևորումները կանխելու համար Սարգսյանը պարբերաբար ֆոտոսեսիաներ ու հաճախորդացման հրապարակային ակցիաներ է կազմակերպում, որպեսզի տարածի այն տեսակետը, թե բոլորն էլ վատն են։ Նա ուզում է հանրության դեմ պայքարել՝ հանրության քաղաքական վերնախավի մեծ մասին գնելով ու մթնոլորտը գաղջացնելով։ Բայց դե, մեր քաղաքացիները բազմիցս ցույց են տվել, որ ճիշտ պահին ու ճիշտ կոդով սուբյեկտի ակտիվացման դեպքում միշտ էլ կարողանում են թացը չորից տարբերել։

Սարգսյանը հույս ունի, որ ընտրակեղծիքների՝ կատարելության հասցված մեքենան կկարողանա իրեն զերծ պահել անկանխատեսելի ու անվերահսկելի զարգացումներից, մանավանդ որ իր կարծիքով նախագահական ընտրովի ինստիտուտի վերացումը և պայքարի կուսակցականացումը կլղոզեն քաղաքական դաշտն ամբողջությամբ, և ինքը կկարողանա վերարտադրվել։

Դաշտը լղոզելու նպատակով են տարատեսակ «ընդդիմադիր» ուժեր մտցվել խաղի մեջ, որպեսզի հաճախորդությունը «ինստիտուցիոնալ» տեսք ստանա, և հանրությանը հնարավոր լինի խաբել ու Սարգսյանի վախի հիմնական աղբյուրը վերացնել։ Կստացվի թե ոչ, այլ խոսակցության թեմա է։

ՀՀԿ ղեկավարի մյուս վախը կապված է ... ՀՀԿ–ի հետ։ Այդ կուսակցությունն այսօր իշխանության բոլոր շերտերի և բիզնես վերնախավի կոնգլոմերատ է ներկայացնում։

Այդ կոնգլոմերատի մաս կազմող բազմաթիվ հատվածների շահերն առնվազն մարտավարական առումով հիմա համընկնում են հանրային շահի հետ։

Իշխանական բուրգի և հանրության մեծ մասը չեն ուզում, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա պետական կառավարման համակարգում։ Ամեն մեկն իր պատճառն ունի այդպիսի ցանկություն հայտնելու համար, բայց ընդհանուրն այն է, որ ՀՀԿ ղեկավարը պետք է հեռանա։ Քանզի նա իրենով է փոխարինել պետությունն ու Հայաստանի թուլացման, աղքատության ավելացման, ներդրումների կրճատման, արտագաղթի աճի համապատկերին բարգավաճում է ապահովում իր ու իր նեղ շրջապատի համար։

Սերժ Սարգսյանը հիմա «բարեփոխվում է» և արժանանում «1in.am»–ների հիացական գնահատականներին ու մարտի 1–ից օգտված արմանբաբաջանյանների շողշողուն հայացքներին։ Նա ուզում է շարունակական դարձնել այս գործընթացը։

«Բարեփոխումների» շրջանակներում առաջ քաշված «երիտասարդ» և «արհեստավարժ» կադրերը ոչ մի պետական ու հանրային առաքելություն չունեն, ինչպես որ «Վերջի բոլշևիկը» չունի։ Նա կադրերին հավաքում է՝ հասարակությունից ու իր «թիմակիցներից» պաշտպանվելու, ինչպես նաև «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու նպատակով։

Այդ «բարեփոխումները», հետևաբար, պետք է թարս պտտեցնել և «պրյոմի» տակ թողնել այն կիրառողին։ Բոլոր նախադրյալները կան։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը