Մեկնաբանություն

08.03.2016 15:20


Մի հայտարարված ընտրակեղծարարության պատմություն

Մի հայտարարված ընտրակեղծարարության պատմություն

Սահմանադրական «հեղաշրջմամբ» Սերժ Սարգսյանը փորձում է ցմահ իշխանություն ունենալու հայտ ներկայացնել։ Նոր Ընտրական օրենսգրքով արդեն փորձ է արվում ցմահ իշխանությունը դարձնել ժառանգական՝ «հորից «որդի»» տարբերակով։

Երբ նոր Սահմանադրությամբ ԱԺ ձևավորման հարցը թողնվեց օրենքով կարգավորելուն, արդեն իսկ պարզ էր, որ շատ վատ բան է սպասվում։ Այդպես էլ եղավ։

Հիմա դաշնակցականներին դեմ են տվել հանրությանը, որպեսզի սրանք հայտարարեն, թե իրենց սկզբունքային կետերից մեկը կատարվել է, ու նոր Սահմանադրությամբ անցել ենք խորհրդարանի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, սակայն իրականում ավելացվել են մեծամասնական տեղերը։

Նոր Ընտրական օրենսգիրքը հիբրիդային է և հիմնված «քցելու» հայեցակարգի վրա։

ՀՀԿ ղեկավարն ուզում է «քցել» ինչպես հանրության ճնշող մեծամասնությանը՝ վերարտադրվելով, այնպես էլ սեփական «թիմակիցներին»՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելով։

Հանրությանը «քցելու» հարցը պարզ է։ Հույսը դրված է ընտրակեղծիքների վրա, քանզի բոլորն էլ գիտեն, որ հակառակ պարագայում գրեթե զրո ձայն կստանա այն ցուցակը, որի վրա կհենվի Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է «թիմակիցներին» «քցելուն», ապա դա ուզում են իրականացնել մեծամասնական ընտրատեղամասերում ռեյտինգային քվեարկություն անցկացնելու միջոցով։

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում հենց այդ «մեսիջն» էլ տվել էր, որ որևէ մեկի համար տեղը երաշխավորված չէ։ Ըստ այդմ՝ նա բոլոր փող ծախսող և կեղծիքներ կազմակերպող տեղական նշանակության լիսկաներին ու շմայսներին խցկելու է իր ցուցակի ներքևի մասերում, որպեսզի «Գեբելսյան» քարոզչամեքենան հանրությանը փորձի խաբել, թե բա՝ տեսեք՝ ինչ բարեփոխիչն է ՀՀԿ ղեկավարը, և ինչ «գյոզալական» տղաների ու աղջկերքի է դրել ցուցակի վերևում։

Այս ամենին զուգահեռ՝ Սարգսյանն «այո» է ասելու լիսկաներին ու շմայսներին և ուղարկելու է նրանց ՀՀԿ ցուցակի վերևում հայտնված «գյոզալական» տղերքի ու աղջկերքի համար ձայն բերելու և սեփական տեղն ապահովելու։ Թե վերջում ով «կքցվի», կերևա ընտրության հաջորդ օրը։ Սարգսյանին պետք է, որ մի քանի փողատեր կամ հանցագործ մրցեն իրար հետ նույն ընտրատեղամասում, որպեսզի ռեյտինգ հավաքեն, բայց բոլորը միասին աշխատեն իր ցուցակի օգտին, և միայն ամենաուժեղ լիսկաները գան ապագա ԱԺ (թույլ ու «քցված» լիսկաներին «Գեբելսյան» քարոզչամեքենան կփորձի ներկայացնել որպես բարեփոխումների վկայություն)։ Այդպիսով Սարգսյանն ուզում է էշի տեղ դնել իր «թիմակիցներին» ու «քցել» հայ ժողովրդին։

Թե իրականում ինչ կստացվի, ցույց կտան առաջիկա զարգացումները։ Մեկ բան պարզ է, որ լիսկաներն ու շմայսները միայն հարյուր տոկոս երաշխիք ունենալու դեպքում ձայն կբերեն Սերժ Սարգսյանի և նրա հաճախորդ տղաների ու աղջկերքի համար։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարի «շուստրի» պլանը կարող է, այսպես ասած, թարս բուսնել։ Ինչևէ։

Մեկ բան հստակ է՝ էս գլխից բոլորի համար պարզ է, թե ինչ է պլանավորել Սերժ Սարգսյանը։ Նոր ԸՕ–ն ցույց է տալիս, թե ինչպես է տեղի ունենալու «ընտրական» հանցագործությունը։ Պարզ է նաև, թե ինչ է սպասվում Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին գործող իշխանական կլանի վերարտադրության դեպքում։ Մի խոսքով, ընտրակեղծարարության հայտը հրապարակավ ներկայացվել է, բոլորը բոլորին գիտեն ու գիտեն, թե ինչ է լինելու, եթե...

Սերժ Սարգսյանը հանրությունից ակնկալիք չունի։ Վերջինս էլ՝ Սերժ Սարգսյանից։ ՀՀԿ ղեկավարը տարիներ շարունակ ցույց է տվել, որ ունի զրո պետական ու հանրային առաքելություն։ Մենք նորություն չենք ասում, փաստն ենք արձանագրում։ Հանրության համար ամեն ինչ տեսանելի է։

Մնում է կանխել հայտարարված ընտրակեղծարարությունն ու փոխել Հայաստան անունով գնացքի ուղղությունը, այլապես գնացքից թռչելն էլ չի փրկի, քանզի գնացքը կարող է պարզապես անհետանալ։

Սարգսյանից բողոքելն ու ասելը, թե նա այսպիսի վատ բաներ է անում, իմաստ չունի։ Նա չի էլ թաքցնում, որ այլ բանի ունակ չէ։ Հանրությունն ու քաղաքական դասի չծախված հատվածը պետք է ցույց տան, թե ինչի են ունակ իրենք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը