Լրահոս

09.03.2016 15:25


Ե. Եմիշյան. «ՀՀ տարածքի 4 տոկոսը սողանքավտանգ է»

Ե. Եմիշյան. «ՀՀ տարածքի 4 տոկոսը սողանքավտանգ է»

Սողանքային աղետների թեման մեր երկրի ամենացավոտ թեմաներից է։ Սովորաբար գարնանն ու աշնանը ՀՀ տարածքում առկա սողանքավտանգ վայրերում ակտիվացումներ են նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետրանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը.

–Մենք ունենք շատ սողանքավտանգ, ակտիվ սողանքներով զարգացող տեղեր, օրինակ` Ողջաբերդը, Հովքը, Առափին, Գետահովիտը։ Եթե տարածքային առումով նայենք, սա լուրջ խնդիր է, երկրի տարածքի 4 տոկոսը սողանքավտանգ է։

Բանախոսը նշել է, որ ԱԻՆ-ը 2015թ.-ից Ճապոնիայի միջազգային գործակալության հետ համատեղ ծրագրով մասնագետներ է պատրաստում, ուսումնասիրում սողանքավտանգ տարածքները և դրանցում կայունացման աշխատանքներ իրականացնում:

Ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ տարածքում առանձնացվել է երկու ակտիվ սողանք` Շիրակի մարզի Առափի համայնքը և Տավուշի մարզի Գետահովիտ համայնքը, որոնց վրա, Եմիշյանի խոսքով, դրվել են համապատասխան սարքավորումներ։ Դրանց միջոցով տեղեկատվություն է ստացվում սողանքի ակտիվության մասին։

Եմիշյանը սողանքները կանխելու գործում ընդգծել է նաև համայնքների ներգրավվածությունը՝ շեշտելով նման վայրերում ջրօգտագործման վտանգը։

–Մարդիկ անսահման ջուր են օգտագործում, և դա թեք լանջերում բերում է սողանքային երևույթների: Երբ ջրամեկուսացում է իրականացվում, խնդիրը կայունանում է: Օրինակ` Շիրակի բնակիչներն իրենց ուժերով ջրահեռացման համակարգ են կառուցել՝ այդպիսով օժանդակելով մեր աշխատանքներին,–նկատել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը