Մեկնաբանություն

10.03.2016 15:35


ՊԵԿ–ի նոր ղեկավարն ու «Հայկական աշխարհը»

ՊԵԿ–ի նոր ղեկավարն ու «Հայկական աշխարհը»

ՊԵԿ նոր ղեկավար Հովհաննես Հովսեփյանի եկամուտների հայտարարագրի հետ ծանոթանալուց հետո շատերը զարմացան, թե ինչպես է ամբողջ կյանքում ուսանող կամ պետծառայող եղած այդ մարդը հաջողացրել դոլարով միլիոնատեր դառնալ (նա հայտարարել է, որ շատ մարտական ձևով պայքարելու է ստվերի դեմ. թող սկսի Սերժ Սարգսյանի եկամուտների հայտարարագրի չերևացող մասերը հայտնաբերելուց)։

Եվ ահա այսօր Հովսեփյանը բացել է փակագծերը՝ նշելով, որ իրեն Ռուսաստանում աշխատող եղբայրն է օգնում։ Փաստորեն, «անկախ» մամուլի կողմից իշխանության արևմտամետ, առաջադեմ ու երիտասարդ թևի ներկայացուցիչ հրամցվող Հովսեփյանին ՌԴ–ից է փողը գալիս, որպեսզի նա Հայաստանում արևմտյան արտադրության մեքենաներ գնի և ԵՏՄ տարածքում դոլարով միլիոնատեր դառնա։

Եթե նրա եղբայրն այդքան առատաձեռն է (Սաշիկն, օրինակ, առատաձեռն չէ, քանզի Սերժ Սարգսյանի եկամուտների հայտարարագրում չկար կետ, որ եղբայրը փողով օգնել է, իսկ ահա Հովհաննեսի մոտ կա նման կետ), ապա չի բացառվում, որ Հակոբ Հովսեփյանը Հովհաննես Հովսեփյանին օգնում է ոչ միայն թանկարժեք մեքենաներ, այլ նաև պաշտոններ գնել Հայաստանում։ Ո՞վ գիտե։ Համենայնդեպս, նմանատիպ մոդելների Հայաստանում ականատես եղել ենք, երբ մի եղբայրը ՌԴ–ում փող է աշխատում, իսկ մյուս եղբայրն այստեղ պաշտոններ է զբաղեցնում կամ դեսպան դառնում։ Ինչևէ։

Հովսեփյանի մասով կարող ենք ասել, որ նա «Հայկական աշխարհի» տիպիկ ներկայացուցիչ է։

Հիշո՞ւմ եք «օղորմածիկ» վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Նա էր խոսում «Հայկական աշխարհի» մասին։ Տ. Սարգսյանի պատկերացումներով՝ հայերը պետք է դրսում փող աշխատեն և ուղարկեն Հայաստան իրենց հարազատներին։ Դե, իսկ Կառավարության գործը պետք է լինի ուղարկված այդ գումարները «կլպելը»՝ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» հովանու ներքո։

Տիգրանն այնքան խոսեց «Հայկական աշխարհից» ու դրսում աշխատող հայերի անհրաժեշտությունից, որ, ի վերջո, ինքը հայտնվեց «Հայկական աշխարհում» և դարձավ էլիտար խոպանչի։

«Օֆշորի Տիկոն» «քառյակի» ճնշման արդյունքում «զոհվեց», բայց նրա գաղափարները կյանքի են կոչվում և մտնում պետական կառավարման ոլորտ։ Արդյունքում՝ փողատեր ռուսաստանաբնակի եղբայրն այստեղ դառնում է պաշտոնյա՝ ՊԵԿ ղեկավար։

Եթե հանկարծ Հովսեփյանի եկամուտների հայտարարագրում հետագայում տեսնենք նվիրատվությունների պակասեցում, ապա դա կնշանակի, որ ՊԵԿ–ի ղեկավարն այլևս խոպանից, հասկանալի պատճառներով, օգնության կարիք չունի։ Ավելին՝ կարող է ինքն օգնել ռուսաստանաբնակ եղբորը։

Ստվերային տնտեսության դեմ մարտական ձևով պայքարելիս նրա մատները հաստատ կարող են «մեղրոտվել», և կգա նվիրատվությունը փոխհատուցելու ժամանակը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը