Լրահոս

11.10.2010 13:28


ԵԱՀԿ Մինսկի խումբը երկակի չափորոշիչնե՞ր է կիրառում

ԵԱՀԿ Մինսկի խումբը երկակի չափորոշիչնե՞ր է կիրառում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը անդրադառնալով Ադրբեջանում գերի ընկած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվանը՝ նշել է, թե սա պարզապես իռացիոնալ ատելության և ագրեսիայի դրսևորում է։

-Ի՞նչ է տեղի ունեցել. ադրբեջանական հանրույթին հարկավոր է հաղթանակ, ինչ-որ մի ձեռքբերում, ինչ-որ մի բան, որով ցույց տա սեփական ժողովրդին, որ այն միլիարդները, որոնք ներդրվել են պաշտպանության ոլորտում, արդարացված են, որ իսկապես ուժեղ բանակ և ուժային ստրուկտուրաներ կան։ Սա նաև պետք է դիտարկել պատերազմի նախապատրաստության ընդհանուր համատեքստում, որովհետև ոգի տալ է հարկավոր ժողովրդին,-ասել է նա։

Ըստ Դավիթ Ջամալյանի՝ Մանվել Սարիբեկյանի արտաքին տեսքն էլ է  հուշում, որ նա դիվերսանտ չէ, և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքն էլ դրան համարժեք չէր։

-Ցավոք, հերթական անգամ գործ ունենք երկակի չափանիշների հետ։ Դրա մասին բացահայտ չեն ասում, բայց միջազգային քաղաքականության հիմքում ընկած սկզբունքներից մեկն էլ հենց երկակի չափանիշներն են,-ասել  է նա։

Իսկ  քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ հայտարարել է, թե միջազգային հանրության երկակի մոտեցումների մեղավորը Հայաստանն է, որը վախենում է կտրուկ հայտարարություններ անել։

-Ադրբեջանը միշտ հանդես է գալիս միջնորդների հանդեպ քննադատական և այսպիսի կեցվածքով. եթե դուք չդատապարտեք, մենք կհարձակվենք, պատերազմ կսկսենք։ Անընդհատ շանտաժի տրմաբանությամբ են առաջնորդվում, և որպեսզի հանդարտեցնեն մթնոլորտը, միջնորդներն իրենց քննադատությունը առավել ուղղում են հայկական կողմին։ Իսկ հայկական կողմի նույն Մանվել Սերիբեկյանի մահվան կապակցությամբ հայտարարությունները կարծես ֆորմալ բնույթ կրեցին, չկար մի այսպիսի պաթոս. դուք չեք քննադատում՝ մենք այսպիսի բան կանենք։ Դրա համար միջնորդներն այսպես վարվեցին։ Դա հասկանալի է,-նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը