Քաղաքական

14.03.2016 13:02


Վ. Օսկանյան. «Ռ. Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի»

Վ. Օսկանյան. «Ռ. Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հավաստիացմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը նոր ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի։

«Ես հստակորեն ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի, բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից: Այդ ժամանակվա իշխանությունն, իհարկե, շատ թերություններ ունեցել է տարբեր ոլորտներում, բայց այդ իշխանությունը նաև մեծ հաջողություններ է ունեցել, հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ֆոնին, արտաքին քաղաքականության ֆոնին: Ես կարծում եմ, որ դա այն ժամանակաշրջանն էր, որը ժողովուրդը շատ հարցերում դրականորեն է հիշում: Եկեք ամեն ինչ չսևացնենք»,– այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Վարդան Օսկանյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այդ կուսակցությունում կլինեն և՛ պատգամավորներ, և՛ խորհրդարանից դուրս գտնվող անհատներ ու երիտասարդներ։ Օսկանյանը նաև շեշտել է՝ կուսակցությունը ստեղծվելու է ի՛ր ռեսուրսներով։

Լրագրողների հետ զրույցում անդրադարձ է կատարվել նաև մարտի 1–ի ողբերգական դեքերին։ ԱԺ պատգամավորը վստահեցրել է, որ կուսակցության օրակարգում նաև մարտի 1-ի բացահայտումը կլինի։

Լրագրողի դիտարկմանը, որ այդ օրերին ինքն էլ է իշխանության կազմում եղել, Օսկանյանը նշել է, որ իր ելույթը կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել.

«Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ և կոչ անել և՛ հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը