Լրահոս

15.03.2016 12:45


Ն. Սարգսյան. «ԽՄ–ից մնացած շենքերը սեյսմիկ վտանգ են ներկայացնում»

Ն. Սարգսյան. «ԽՄ–ից մնացած շենքերը սեյսմիկ վտանգ են ներկայացնում»

Խորհրդային տարիներին Հայաստանում կառուցված շենքերը մաշվել են, իրենց դարն ապրել: Այս մասին այսօր Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում անցկացվող «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ շենքերն անգամ սեյսմիկ վտանգ են ներկայացնում:

-Մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում ուժեղացնենք այդ շենքերը,-շեշտել է նախարարը՝ ավելացնելով, որ վերջին տարիների ընթացքում Երևանում կառուցված շենքերն ավելի սեյսմակայուն են, քան Խորհրդային Միությունից մնացածները:

Անդրադառնալով Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին` Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի մասնակի ապամոնտաժման խնդրին՝ նախարարն ասել է, որ նախախորհրդային ժամանակաշրջանի շենքերն ունեն 100-ից 150 տարվա պատմություն, և հիմնականում կարևորվում են արտաքին հատվածի շնորհիվ:

Լրագրողների դիտարկմանը, թե միայն ճակատային մասը պահպանելով կարելի՞ է ասել, թե հուշարձան ենք պահպանում, նախարարը բերել է Փարիզի օրինակը:

–Փարիզի կենտրոնում, որտեղ բոլոր շենքերը պատմական հուշարձաններ են համարվում, կյանքը ժամանակին կանգ էր առել, որովհետև արգելվում էր դրանց «ձեռք տալ»։ Այդ պատճառով էլ հետագայում որոշում կայացվեց քանդել պատմական շենքերի առաջին և երկրորդ հարկերը և օգտագործել կոմերցիոն նպատակներով,-ասել է Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ դա մասնագիտական հարց է, և պետք չէ դա ծայրահեղորեն ընկալել:

Եզրափակելով իր խոսքը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարն ասել է, որ Երևանն այդ կարգի հին կենտրոն չունի՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է պահպանել քաղաքի պատմական շերտը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը