Լրահոս

16.03.2016 13:10


Արևելագետ. «Պուտինը փորձում է հարաբերություններն ավելի չլարել ԱՄՆ-ի հետ»

Արևելագետ. «Պուտինը փորձում է հարաբերություններն ավելի չլարել ԱՄՆ-ի հետ»

Ունենք հայտարարություն, որը տրամադրություններ է փոխում ամբողջ տարածաշրջանում և աշխարհով մեկ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել արևելագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Սիրիայից զորքերի հիմնական մասի դուրս բերման որոշմանը:

-Պահը շատ հարմար էր ընտրված: Պուտինը հայտարարեց, որ դուրս է բերելու հիմնական մասը զորքի. սա պետք է ֆիքսել: Խոսքը զորք դուրս բերելու մասին չէ, այլ հիմնական մասի դուրս բերման: Մեծ հաշվով, ոչ մի բան չի փոխվում. պարզապես ունենք հայտարարություն,-ասել է Քոչարյանը:

Ըստ նրա՝ ռուսական կողմի հաջորդ քայլը ցամաքային գործողությունները պետք է լինեին, և այս պարագայում ՌԴ ավելի նպատակահարմար համարեց զորքերի մասնակի դուրս բերումը: Քոչարյանի խոսքով՝ այս քայլով Պուտինը փորձում է նաև հարաբերությունները ավելի չլարել ԱՄՆ-ի հետ:

Ասուլիսի մյուս բանախոս, արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշել է, որ ռուսական ավիահարվածները փոխեցին իրադրությունը, որովհետև, ըստ էության, կանխվեց ԻԼԻՊ-ի և սիրիական ընդդիմադիր ուժերի առաջխաղացումը:

-Ռուսաստանի նախագահի հայտարարության մեջ, որ Պաշտպանության նախարարության առաջ դրված խնդիրը ամբողջությամբ կատարված է, որոշակի ճշմարտություն կա: Բայց այստեղ դեռևս հարցեր կան՝ կապված նրա հետ, որ ահաբեկչությունը դեռևս արմատախիլ արված չի: Արմատախիլ անելու համար այս սպառնալիքը, ցամաքային գործողություններ են պետք՝ զուգորդված ավիահարվածներով,-մեկնաբանել է արաբագետը:

Մասնագետները չբացառեցին, որ Ռուսաստանի այս քայլից հետո միգուցե ակտիվանան Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Նրանց կարծիքով Ռուսաստանը այս քայլին գնում է նաև տարածաշրջանի մյուս խաղացողների հետ ինչ-որ հարցերում համաձայնության գալու համար:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը