Լրահոս

16.03.2016 14:00


Առաջիկա գիշերներին Արարատյան դաշտում ցրտահարություն է սպասվում

Առաջիկա գիշերներին Արարատյան դաշտում ցրտահարություն է սպասվում

Այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ երեկ կեսօրից Հայաստանի տարածք են ներթափանցել արկտիկական օդային զանգվածներ, և մարտի 16-ից 19-ը գիշերային ժամերին հովտային հատվածներում ցրտահարություն է սպասվում, ինչը պայմանավորված է ամպամածության նոսրացման հետևանքով օդի ջերմաստիճանի լրացուցիչ անկմամբ:

Մասնագետի խոսքերով` ՀՀ տարածքի հովտային շրջաններում այս գիշեր բացասական ջերմաստիճան է գրանցվել՝ -1-ից մինչև –2 աստիճան:

«Արարտյան դաշտում ջերմաստիճանը մոտեցել է 0-ի: Հանրապետության շրջաններում առատ ձյուն է տեղացել: Այսպես, օրինակ, Գորիսում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 24 սմ-ի, Սիսիանում՝ 16-ի, Քաջարանում՝ 7-ի, Ջերմուկում՝ 52-ի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա` այս գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում, Արարատյան դաշտում ակնկալվում է մինչև 2 աստիճան ցուրտ, իսկ մարտի 17-ի՝ լույս 18-ի գիշերն անտիցիկլոն է մոտենալու Հայաստանին, և օդի ջերմաստիճանը շարունակելու է նվազել:

«Տավուշի և Սյունիքի մարզերի հովտային հատվածներում, ինչպես նաև Արարատյան դաշտում օդում կլինի 2-ից 4 աստիճան ցուրտ, իսկ գետնին՝ 2-ից 5 աստիճան: 19-ի գիշերն այս ջերմաստիճանը կպահպանվի», - ասել է Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով ցրտահարության հնարավոր ինտենսիվությանը՝ Սուրենյանը հայտնել է, որ դա կախված է լինելու ամպամածության պատկերից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը