Լրահոս

19.03.2016 13:20


Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը

Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ՝ մարտի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարը, դատաիրավական բարեփոխումները, միգրացիոն խնդիրները, սահմանների կառավարումը, վիզաների դյուրացման գործընթացը, ինչպես նաև իրավական փոխօգնության ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների և Եվրոպական միության ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացումը:

Արձանագրելով, որ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերը հանդիսանում են այդպիսի համագործակցության առանցքային ոլորտներից մեկը՝ նա նշել է, որ դա նաև արտացոլվելու է նախապատրաստվող ԵՄ-ՀՀ համագործակցության իրավական հիմքը սահմանող հիմնարար պայմանագրում:

Ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ արդարադատության նախարարի տեղակալ ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ իշխանությունների առաջնային խնդիրներից է, և այդ ուղղությամբ իրականացվում են ինստիտուցիոնալ և օրենսդրական մի շարք բարեփոխումներ:

Նրա խոսքով՝ հետագա քայլերի մշակմանը նախատեսվում է ոլորտի լավագույն միջազգային փորձագետների ներգրավումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման աշխատանքներին:

ԵՄ գործընկերների խնդրանքով Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նոր

Սահմանադրությամբ դատական համակարգի անկախության ամրապնդման նպատակով սահմանվել են առավել գործուն և արդյունավետ երաշխիքներ, որոնցով կապահովվի դատարանի թե՛ ներքին, թե՛ արտաքին անկախությունը, կբարձրանա անկաշկանդ գործելու հնարավորությունները:

Ենթակոմիտեի համանախագահ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության վարչության ղեկավար Դիրկ Շուեբելը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրել են՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարփոխումներին և խորացնելու երկկողմ համագործակցությունը: Նրանք ընդգծել են, որ դատաիրավական և այլ ոլորտների բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում մշակվել է լավ ռազմավարություն և գործողությունների ծրագրեր՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ դեռևս լուծում պահանջող խնդիրների հետ մեկտեղ առկա է զգալի առաջընթաց:

ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը կառավարման թափանցիկության, հանրային ոլորտի զարգացման, միգրացիաի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի ու սահմանների վերասկողության ոլորտներում և պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու համագործակցությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը