Լրահոս

12.10.2010 00:09


«ՀՀ ազգային բանակի կուսակցականացման փորձերն անընդունելի են և վտանգավոր»

«Հայք»  ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը բանակում հաճախակիացած կուսակցական քարոզչության դեպքերի առնչությամբ

Մենք խիստ վրդովված ենք եւ մեր բողոքն ենք արտահայտում Հանրապետական կուսակցության եւ հատկապես նրա երիտասարդական թեւի կողմից կուսակցական PR-ի նպատակով ՀՀ ազգային բանակն օգտագործելու վերջերս հաճախակիացած դեպքերի առնչությամբ: Բարձրաստիճան հանրապետական պաշտոնյաների կողմից զորամասեր կատարվող այցելությունների ընթացքում տարվում է անսքող կուսակցական քարոզչություն եւ այդ ամենը հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Ավելին, ազգային բանակի զորամասերը մանկատներ կամ ծերանոցներ չեն, որպեսզի դրանց համար կուսակցական ,բարեգործությունե իրականացվի: Այս ամենը ոչ միայն պարզապես տխուր մտորումների տեղիք է տալիս, այլ ՀՀ սահմանադրության եւ գործող օրենքների կոպիտ խախտում է, ուղղակի հարվածում է բանակի հեղինակությանը, ներզինվորական միասնականությանը:

Մենք դեմ չենք ռազմահայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը: Ինքներս էլ՝ թե՛ միայնակ եւ թե՛ այլ կուսակցությունների երիտթեւերի հետ համատեղ իրականացրել ենք բազմաթիվ այդպիսի միջոցառումներ: Սակայն ՀՀ ազգային բանակում որեւէ կուսակցական քարոզչության եւ էժանագին «բարեգործական» ակցիաների իրականացում մեզ երբեւէ թույլ չենք տվել' համարելով դա անթույլատրելի եւ վտանգավոր:

Ուզում ենք հիշեցնել երիտասարդ հանրապետականներին եւ բարձրագույն զինվորական ղեկավարությանը, որ ըստ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի  "ՀՀ զինված ուժերում, իրավապահ մարմիններում, նախադպրոցական, դպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կուսակցությունների կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը եւ գործունեությունն արգելվում են" (Հոդված 5, կետ 2), իսկ "Կուսակցությունների անդամները, որոնք ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի" (Հոդված 10, կետ 1): Իսկ նախընտրական քարոզչություն զորամասերում ՀՀ կուսակցությունները կարող են իրականացնել միայն օրենքով նախատեսված, ընտրություններին նախորդող համապատասխան ժամկետներում:

Մինչդեռ այս օրենքները խախտվում են ոչ միայն ազգային բանակում այլ նաեւ կրթական համակարգում, որը գրեթե ամբողջապես վերածվել է հանրապետական կուսակցության կցորդի: Կրթության հանդեպ նման վերաբերմունքն է կրթության որակի անընդհատ հետընթացի պատճառներից մեկը: Որպես հետեւանք, ըստ միջազգային վարկանիշային աղյուսակների' ՀՀ բուհերից եւ ոչ մեկը տեղ չի գրավում աշխարհի բուհերի անգամ առաջին հազարյակում: Բանակի համար է՞լ եք նույնը պատրաստվում անել:

ՀՀ ազգային բանակը մեր պետականության գլխավոր հենասյուներից է: ՀՀ զինված ուժերում ծառայում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող զինծառայողներ եւ մեր սահմանները միասնաբար պաշտպանում են մեր ԲՈԼՈՐ զինվորները' անկախ կուսակցական համակրանքներից: Կոչ ենք անում դադարեցնել ՀՀ ազգային բանակի կուսակցականացման/հանրապետականացման փորձերը:

«Ժառանգություն» կուսակցության

«Հայք"» ուսանողական-երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը