Քաղաքական

01.12.2009 17:22


Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է Լևոն Տեր–Պետրոսյանի պարզած ձեռքը

Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է Լևոն Տեր–Պետրոսյանի պարզած ձեռքը

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել  է, թե նոյեմբերի 11-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ինքը վստահ է եղել, որ Նիկոլ Փաշինյանին թիվ 10 ընտրատարածքում որպես թեկնածու գրանցելու հարցը դրական կլուծվի։

-Ամեն ինչի խրոնոլոգիայի տեսանկյունից պետք է դիտել։ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դիմեց Իջևանի ոստիկանություն, չտվեցին տեղեկանքը, հետո փաստաբանը դիմեց դատարան, դատարանը ձգձգեց վճիռը, մինչև հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Դրանից հետո վարչական դատարանը վճիռ կայացրեց տրամադրել տեղեկանքը։ Չնայած տրամաբանության մեջ մի այսպիսի բան կա՝ «после такого еще не значит причина того», բայց, որպես կանոն, հաջորդ դեպքը դիտվում է որպես հետևանք։ Դա, ուրեմն, ցույց  է տալիս, որ, այնուամենայնիվ, որոշակի համագործակցության պահեր արդեն իսկ ձևավորվել են իշխանություն և «Հայ ազգային կոնգրես» փոխհարաբերություններում,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ ՀՀԿ համագումարն էլ ընկալվել է որպես Սերժ Սարգսյանի կողմից համագործակցության առաջարկության ընդունում։ Իսկ թե ինչպե՞ս կզարգանան դեպքերն, ու արդյոք այդ համագործակցությունը հետագայում միս ու արյուն կստանա՞, թե՞ կմնա մտադրությունների մասին հայտարարությունների մակարդակի վրա, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ցույց կտա ժամանակը։

-Այստեղ մի պարզ իրավիճակ կա, որ այդ համագործակցությունը կարող է ինչ-որ առարկայական արդյունքների բերել միայն մի դեպքում՝ եթե մարտի 1-ի ոճրագործության և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատականներն ամբողջանան և բավարարեն հասարակության ակնկալիքները,-հավելել է նա։

Հմայակ Հովհաննիսյանի վերլուծություններով՝ իշխանություն և ՀԱԿ համագործակցության գաղափարը միջազգային կառույցների կողմից առաջարկվող դեղատոմս է, որը կարող է նպաստել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

-Չենք կարող չընդունել, որ հայ-թուրքական արձանագրությունների դեմ հակազդեցությունը ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում իրականություն է։ Այս իրավիճակում եվրոպական կառույցներն իհարկե Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի (Հանրապետական կուսակցության և «Հայ ազգային կոնգրեսի») միջև երկխոսության հետ որոշակի և կարևոր հույսեր են կապում, քանզի գիտակցում են, որ Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան-«Բարգավաճ Հայաստան», ինչպես նաև ՀՀԿ որոշ թևի համախմբումն այս արձանագրությունների ընդունման դեմ կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ և ավելի մեծացնել Սփյուռքի հակազդեցությունը,-հավելել է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը