Լրահոս

22.03.2016 13:25


Ալումյանը հավատացրել է, որ Բուդաղյանների գործով բոլորին գոհացնող լուծումներ կլինեն

Ալումյանը հավատացրել է, որ Բուդաղյանների գործով բոլորին գոհացնող լուծումներ կլինեն

Բուդաղյանների գործով սպասելիքներ ունենք ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նաև հավելել է, որ վերաքննիչ դատարանում բողոքները ընդհանրապես չեն սպառել:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մեկ տարի առաջ մեղավոր էր ճանաչել Բուդաղյանին՝ որսորդական հրացանով Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար: Ավելի վաղ՝ մոտ երեք տարի առաջ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել էր Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը: Միջադեպի ժամանակ եղել են երկուստեք կրակոցներ, բայց մեղադրանքներ են առաջադրվել միայն Բուդաղյանների նկատմամբ:

-Հիմա, հավանաբար, քչերն են հավատում, որ Բուդաղյանների գործով հնարավոր է՝ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության: Բայց ես հավատացնում եմ ձեզ, որ վաղ թե ուշ Բուդաղյանների գործով մենք կունենանք այնպիսի լուծումներ, այնպիսի ելք կլինի, որը կգոհացնի բոլորին, ովքեր հետևել են այս գործին, և ցանկացել են, որ արդարությունը վերականգնվի:

«Vesti.am»-ի հարցին՝ Ալումյանն իր հույսերն այս գործի արդարացի լուծմա՞ն, ներքին դատավարությա՞ն, թե՞ միջազգային ատյանների հետ է կապում, իրավաբանը պատասխանել է.

-Լինի դա ներքին դատավարություններով թե եվրոպական դատարանի միջոցով, լինի դա մեկ տարվա մեջ, ամիսների ընթացքում թե տարիներ հետո, միևնույն է, վաղ թե ուշ Բուդաղյանների գործով մենք արձանագրելու ենք արդարության վերականգնման փաստը,-եզրափակել է փաստաբանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը