Լրահոս

24.03.2016 15:13


Իրանցի զբոսաշրջիկը հայտարարել է, որ հաջորդ տարի Նովրուզը Հայաստանում չի նշի

Իրանցի զբոսաշրջիկը հայտարարել է, որ հաջորդ տարի Նովրուզը Հայաստանում չի նշի

Նովրուզի օրերին Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելանում է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը, ըստ որոշ հաշվարկների՝ այս երկու շաբաթվա ընթացքում Հայաստան կայցելի 10.000 իրանցի: Նրա խոսքով՝ Իրանը 80 միլիոն բնակիչ ունի, որից 60 միլիոնն այս օրերին տեղաշարժ է կատարել երկրի ներսում կամ դեպի դուրս.

-Հիմա Իրանում վերացվել են պատժամիջոցները, և նրանք ավելի մեծ եկամուտներ են ստանում: Գիտեք, որ մի քանի օր առաջ Ստամբուլում կրկին պայթյուն է եղել, և իրանցի զբոսաշրջիկներն անվտանգության տեսանկյունից մեր երկիրը շատ են հավանում և ավելի շատ են գալիս,-նշել է Տիգրան Դավուդյանը՝ հավելելով, որ Իրանից զբոսաշրջիկները գալիս են օդային և ցամաքային ճանապարհով.

-«Զվարթնոց» օդանավակայանում ոչ մի խնդիր չի ծագում, օրինակ՝ այս շաբաթ օրական 3 թռիչք է եղել, սակայն դժվարություններ են ծագում Մեղրիի անցակետում, երբ մեքենաներով են գալիս:

Ասուլիսի մյուս բանախոս, ազգությամբ իրանցի Մանսուրե Անսարին էլ պատմել է, որ առաջին անգամ Հայաստանում է եղել 1993-ին՝ որպես զբոսաշրջիկ, այնուհետև ամուսինն այստեղ բիզնես է սկսել, 1996-ին էլ նրանց աղջիկը ծնվել է Հայաստանում.

-Հայաստանում բնակարան ունենք, ես այստեղ հաճախ եմ գալիս: Աղջիկս հիմա սովորում է Երևանում, միշտ կապի մեջ ենք Հայաստանի հետ: Այստեղի ժողովրդին ես շատ սիրում ու հարգում եմ, նրանք շատ բարի են,-նշել է նա:

Իրանցի զբոսաշրջիկ Օրքիդե Աբդին, ով Հայաստանում է առաջին անգամ, ասել է, որ ամուսնու հարազատները մի քանի անգամ եկել են Հայաստան և այս տարի էլ որոշել են ողջ գերդաստանով գալ: Նա կարծում է՝ քանի որ Հայաստանը նորանկախ պետություն է, տուրիստական փորձառություն չունի.

-Տարբեր երկրներում եմ եղել և կարող եմ ասել, որ Հայաստանում անգլերենի իմացության մակարդակը ցածր է՝ հատկապես սպասարկման կետերում: Կցանկանայի, որ ավելի ջերմ վերաբերվեին զբոսաշրջիկներին և հյուրընկալ լինեին,-ասել է նա:

Օրքիդե Աբդին հայտարարել է, որ հաջորդ տարի Նովրուզը Հայաստանում չի նշի. կարծում է, որ մեկ անգամը բավական է:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը