Լրահոս

12.10.2010 11:53


«ՍԻՄ» հորդորը քաղաքական ուժերին և ազգային անվտանգությունն ապահովող օղակներին

Մեկ տարի առաջ՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրվել էին հայ-թուրքական արձանագրությունները:

ՍԻՄ նախագահությունը

- Արձանագրելով, որ արձանագրությունների հետ կապված ընթացքը՝ մասնավորապես եւ վարվող նախաձեռնողական քաղաքականությունը՝ ընդհանրապես բացահայտել են Թուրքիայի կատարյալ անկարողությունը՝ իրականացնելու կառուցողական երկխոսություն, եւ դա պարզ է դարձել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ միջազգային հանրության համար,

- Մատնանշելով, որ այդ ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի համայնքներում բազմապատկվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվությունը,

- Հաստատագրելով, որ այդ մեկ տարվա ընթացքում Թուրքիան էլ ավելի ցայտուն ի ցույց է հանել իր բնույթը՝ որպես ցեղասպանածին պետություն,

Հայտարարում է.

1. Թուրքիան ի ցույց հանեց քաղաքակիրթ բարեփոխումները իրագործելու իր կատարյալ անկարողությունը, ինչի վկայություններն են ինչպես մշտապես նախապայմանները առաջ քաշելու փորձերը, այնպես էլ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագը քաղաքական էժանագին շոուի վերածելու ձգտումը եւ Անիի մայր տաճարում իրականացրած ցուցադրական եւ ցինիկ սրբապղծությունը, Ղարաբաղի հարցում ակնհայտ կողմնապահությունը:

2. Հայաստանի Հանրապետությունը հարկադրված եղավ այս տարվա ապրիլի 22-ին կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը՝ այնուամենայնիվ, Թուրքիային բաց դուռ թողնելով գործընթացը վերսկսելու: Եթե մինչեւ 2011թ.-ի ապրիլը Թուրքիան անվերապահորեն ու առանց նախապայմաններ առաջադրելու չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրիլի 22-ին' արձանագրությունները կասեցնելու տարելիցին, հետ կանչի իր ստորագրությունը' իր այդ նպատակի մասին տեղեկացնելով միջազգային հանրությանը:

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահությունը հորդորում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վտանգավոր ռոմանտիզմից, իսկ ազգային անվտանգությունն ապահովող օղակներին՝ միջոցներ ձեռնարկել օտարերկրյա դրամաշնորհներով սնվող այն կառույցների նկատմամբ, որոնք հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ արվող իրենց քայլերով թուլացնում են մեր հանրության զգոնությունը, առեւտրի, ոտնահարման առարկա են դարձնում մեր ազգային արժանապատվությունը եւ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը:

«ՍԻՄ» կուսակցության նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը