Հարցազրույց

01.12.2009 19:59


Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր Արզումանյան

Հարցազրույց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ

-Ըստ Ձեզ՝ ե՞րբ կստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։

 -Կոնկրետ ժամկետներ չէի նշի։ Ընդհանրապես կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղի հարցի կարգավորումը պայմանավորված են միմյանցով, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ կողմերն արդեն իսկ շատ մոտ են շրջանակային փաստաթուղթ ստորագրելուն։ Ե՞րբ դա կլինի՝մեկ երկու ամիսների ընթացքո՞ւմ, թե՞ մի քիչ ավելի ուշ, չեմ կարող ասել, բայց այն, որ արդեն իսկ սեղանին դրված են փաստաթղթեր, որոնք ստորագրման կարիք ունեն, ակնհայտ է. բոլոր զարգացումները գալիս են վկայելու հենց այդ մասին։

-Կարծիքներ հնչեցին, որ ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը նաև այն մասին էր, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով։ Արդյոք դա հիմնավորվա՞ծ է, և հնարավո՞ր է, որ հակամարտությունը լուծվի հենց այդ տարբերակով։

-Ընդհանրապես կոնֆլիկտոլոգիայի պատմությունը գալիս է ապացուցելու, որ բոլոր հակամարտությունները լուծվում են փուլ առ փուլ։ Դա ընդունված բան է, մանավանդ նման հակամարտությունների պարագայում, երբ երկու կողմերն ունեն հակադիր մոտեցումներ՝ անընդունելի մյուս կողմի համար։ Այդ պարագայում, որպես կոնֆլիկտի լուծում, նախընտրելի է քայլ առ քայլ մոտեցնել, լուծել այն խնդիրները, որոնց վերաբերյալ կա համաձայնություն, իսկ այն խնդիրները, որոնք լիովին հակադրվում են միմյանց, հետաձգել ավելի ուշ ժամկետներում։ Այդպես է եղել վերջին 10 տարիների գործընթացի տրամաբանությունը, դա՛ է հենց մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով էլ խոսվում է ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի մասին, որից հետո նոր ինչ-որ կամարտահայտությամբ (սա էլ վտանգավոր տերմին է) պետք է լուծվի վերջնական կարգավիճակը։ Փաթեթ է նշանակում ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հստակեցումն ու որոշումը։ Դրան դեռ կողմերը մոտ չեն, և դրա ամենավառ ապացույցը հենց այն է, որ մադրիդյան սկզբունքները հատուկ նշում են, որ ԼՂ-ն պետք է միջանկյալ կարգավիճակ ունենա, մինչև լուծվի վերջնական կարգավիճակի խնդիրը։ Այնպես որ նման հայտարարությունը հակասում է բանակցային տրամաբանությանը և այն բոլոր փաստաթղթերին, որոնք այսօր սեղանի վրա են։

-Եթե համեմատության մեջ դնենք լիսաբոնյան սկբունքները և մադրիդյան սկսզբունքները, ո՞ր փաստաթղթում էին դրական տարրերն ավելի շատ։

-Լիսաբոնյան սկզբունքներ գոյություն չունեն, ընդհա՛նրապես։ Լիսաբոնյան սկզբունքները ցանկություն են եղել, առաջարկվել են, և ՀՀ-ն, լինելով ինքնավստահ և որևէ խնդիր չտեսնելով, հրաժարվել է համաձայնվել որևէ տեքստի հետ, որը հակասում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերին, և մերժել է այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը ոչ ևս է և պատմության գիրկն է անցել, ինչպես տասնյակ այլ փաստաթղթեր, որոնք սեղանի վրա չեն։ Դրա համար համեմատությունն ընդհանրապես անտեղին է։ Իսկ մադրիդյան սկզբունքները հստակ ձևակերպված սկզբունքներ են, որոնք սեղանի վրա են դրված, որոնց ետևում կանգնած են երեք միջնորդ երկրների նախագահները, և որոնք ստացել են աջակցություն նաև կոնֆլիկտող կողմերի կողմից։ Այսինքն, այսօր սեղանի վրա կա փաստաթուղթ, իսկ դուք ուզում եք դա համեմատել գոյություն չունեցող ինչ-որ փաստաթղթի հետ։

-Ձեր իշխանության օրոք լիսաբոնյան փաստաթուղթը չի՞ քննարկվել։

-Մերժվել-գնացել է։ Հիմա կարող ենք համեմատել Ղարսի պայմանագրի կամ, չգիտեմ, Սևրի դաշնագրի հետ։ Դա մեր զրույցին ինչ-որ դրական բան կտա՞։ Չեմ կարծում։

-Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև նշեց, որ այն մարդիկ են մեղադրում իրեն Ղարաբաղի տարածքները հանձնելու համար, ովքեր ցանկանում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։ Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրացրեց, որ 1992թ. մարտի 5-ին «Комсомольская Правда»-ին Լևոն Տեր-Պետրոսյա՛նն է ասել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Իրականում այդ համաձայնությունը եղե՞լ է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։

-Ես սիրում եմ խոսել փաստերով։ Յուրաքանչյուր իշխանության գործողություններն ըստ այդ իշխանության գործերի են գնահատվում։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀ-ն ազատագրել է Լեռնային Ղարաբաղը և ԼՂ-ի հարակից 7 շրջանները՝ ապահովելով անվտանգության գոտի և անխափան կապ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև։ Փառապանծ հաղթանակ է տարել մեզ պարտադրված պատերազմում և այդ պատերազմից հետո տարել է խաղաղ բանակցություններ ԼՂ-ի ապագայի վերաբերյալ։ Փաստը դա՛ է։ Որևէ այլ փաստ չկա՛։ Մնացածը ենթադրություններ են, հերյուրանքներ, ասեկոսեներ, և այսօր կա փաստ, որ այն հաղթանակների արդյունքները, որ մենք արձանագրել ենք տասնյակ հազարավոր զոհերի և կորուստների գնով, այսօր դրվել են սեղանին, և սակարկության խնդիր են։ Այսօր համաձայնություն կա ԼՂ-ի հարցը լուծել մադրիդյան սկզբունքներով, որի առաջին սկզբունքն ասում է, որ ԼՂ-ի հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողությանը։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը