Լրահոս

12.10.2010 13:10


Ահարոն Ադիբեկյան. «Մոտակա երկու–երեք տարում բավական լուրջ բաներ կլինեն Ղարաբաղում»

Ահարոն Ադիբեկյան. «Մոտակա երկու–երեք տարում բավական լուրջ բաներ կլինեն Ղարաբաղում»

Անդրադառնալով ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ իր վերլուծությունները։ Նա մասնավորապես նշել է, որ եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է Ղարաբաղի հարցը լուծել, նա պետք է անցնի իր ճանապարհը։ Առաջին, եթե Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղին ամենաբարձր աստիճանի ինքնավարություն տալ, պետք է վերականգնի ինքնավարությունը, բարձրացնի Նախիջևանի Հանրապետության մակարդակի և ստեղծի գոնե վիրտուալ Արցախ կամ ԼՂՀ իր կազմում։ Նույնն էլ վերաբերում է Հայաստանին։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանն իրոք պատրաստ է գնալ տարածքային զիջումների, կարելի է մեր կողմից չմշակվող տարածքները տալ վարձակալության Ադրբեջանի անասնաբույծներին, լուծել ջրի հարցը և այլն։

Այդուհանդերձ նա նշել է, որ նոր խորհրդարանի կազմն ամբողջությամբ չի վերընտրվելու, ի տարբերություն Հայաստանի, որտեղ գործադիրը տեղափոխվում է օրենսդիր իշխանություն և հակառակը, իսկ ընդդիմության շարքերում էլ, նրա կարծիքով, նոր դեմքեր չեն երևում, որ գոնե մշտապես պնդվող երրորդ ուժը կյանքի կոչվի։

Ա. Ադիբեկյանը նշել է, որ ադրբեջանական հաշվարկներով՝ իրենց իշխանության վերին աստիճաններում ամեն 5-ը կամ հայ է ծագումով, կամ ամուսնացած է հայի հետ, և պետք է ակնկալել, որ գոնե ինչ-որ դրական տեղաշարժ նրանց կողմից պետք է արվի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, սոցիոլոգը նշել է, որ հարձակվողը երբևէ չի հայտարարում իր միտման մասին, ու դրանք ներքին օգտագործման համար են։ Դա, նրա խոսքերով, պայմանավորված է ադրբեջանցիների շրջանում առկա պարտվածի ախտանիշով։

Նա նշել է՝ շատ կարևոր է, որ չնայած բոլոր տերությունները հայտնում են, թե Ադրբեջանը պետք է պահպանի իր ամբողջականությունը, նրանք չեն հերքում ինքնորոշման իրավունքը, սակայն Ադրբեջանը չի հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանի դեմ ընդունված ՄԱԿ-ի բանաձևերը և այլն Հայաստանին չեն ստիպում դուրս գալ Ղարաբաղից.

-Նրանք մոռանում են, որ բացի գրված օրենքներից, կա նաև չգրված օրենք՝ թե դու հողի համար արյուն ես թափել, այդ հողը քոնն է։ Դա գիտի և՛ ամերիկացին, որ նվաճել է Տեխասը, Կալիֆոռնիան մեքսիկացիներից, լավ գիտեն և՛ եվրոպացիները, ովքեր 2-րդ համաշխարհային պատերազմ են վարել տարածքային խնդիրներ լուծելու համար  ու հասկացել են, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և բանաձևը պետք է գտնեն բախվող կողմերը,-ասել է Ա. Ադիբեկյանը և հավելել, որ Հայաստանը պետք է անցնի փոխզիջման իր ճանապարհը, Ադրբեջանը՝ իր։

Նա հույս է հայտնել, որ Արբեջանի խորհրդարանի նոր կազմը կլինի ավելի իմաստուն ու պրագմատիկ և կհասկանա, որ ավելի լավ է փրկել մի մասը, քան կորցնել ամբողջը։

Նա նաև նշել է, որ վերջին երեք տարում Ղարաբաղի արդյունաբերության մեջ լուրջ ներդրումներ են կատարվում, և դա անում են ոչ միայն հայերը, այլև օտարերկրյա ներդրողները. գործարաններ, ճանապարհներ են կառուցում այն տարածքներում, որոնք իբր պետք է վերադարձվեն։

-Ես չեմ կարծում, թե կանադացի կամ ամերիկացի կամ ֆրանսիացի գործարարը գա Ղարաբաղ, ներդրում կատարի ու չդիմի դեսպանությանը հարցնի՝ այդ տարածքում կարելի՞ է ընդհանրապես մի բան կառուցել։ Երևի դեսպանատանը ասում են՝ գնա հանգիստ կառուցի, հայերը հող երբեք հետ չեն տա։ Ինձ այդպես է թվում,-ասել է Ահարոն Ադիբեկյանը և հավելել, որ մոտակա երկու-երեք տարում բավական լուրջ բաներ կլինեն Ղարաբաղում, և դա կանեն ոչ թե հայերը, այլ օտարերկրյա ներդրողները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը