Լրահոս

12.10.2010 14:17


Էյնուլա Ֆաթուլաևը նմա՞ն է Աշոտ Բլեյանին

Էյնուլա Ֆաթուլաևը նմա՞ն է Աշոտ Բլեյանին

«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը ներկայացնելով Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր վերլուծությունները՝ ասել է, թե նոր խորհրդարանի կազմն ամբողջությամբ չի վերընտրվելու, և հույս է հայտնել, որ այն ավելի իմաստուն ու պրագմատիկ կլինի։

Ինչ վերաբերում է «Հաշվի առնելով Ադրբեջանում ոչ ժողովրդավար ընտրությունների պրակտիկան՝ ինչպե՞ս այդ նոր ուժերը կարող են հայտնվել խորհրդարանում» հարցին, Ահարոն Ադիբեկյանն ասել է, թե Ադրբեջանը միակարծիք ու միատարր ամբողջականություն չէ, և այնտեղ կան հակաալիևյան կլաններ, տնտեսական շահերը բավական սուր են, կան թալիշներ, լեզգիններ և այլն։

-Ադրբեջանը շատ փխրուն է իր սոցիալական, քաղաքական, տնտեսական, արժեքային կառուցվածքով, և ամբողջ խնդիրը նա է, որ Ղարաբաղով նրանք փորձում են միավորել ազգը,-ընդգծել է Ա. Ադիբեկյանը։

Այդուհանդերձ նա նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իշխանափոխությունը կլինի իշխանության ներսում, և ընդդիմադիրներն անելիք չունեն։

Նա հավելել է սակայն, որ ինչպես Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են կամուրջ ստեղծել երկու երկրների միջև, հանդիպումներ են կազմակերպում, հռչակագրեր են ստորագրում, կոչ են անում Ղարաբաղը թողնել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կարողանա իր ուժերը ծախսել զարգացման վրա, այնպես էլ այնտեղ պետք է որ նույն ուժերն առաջանան, ինչի համար որոշ ժողովրդավարական մթնոլորտի ձևավորում է հնարավոր։

-Եթե Ֆաթուլաևին էլ կարողանան բանտից դուրս հանել, որովհետև դա միակ թուրքն է... Մի քիչ նման է մեր Բլեյան Աշոտին... Ես հույսս չեմ կտրում, որովհետև գրեթե բոլոր խորհրդաժողովներին թուրքերը փորձում են այլ արմատներ փնտրել, որ թուրք չերևան- ասել է սոցիոլոգը։

«Իսկ ովքե՞ր են  այն ուժերը, որ կամուրջներ են ստեղծում և Ղարաբաղն Ադրբեջանին թողնելու կոչեր են անում» լրագրողի հարցին ի պատասխան՝ Ահարոն Ադիբեկյանն ասել է.

-Երեք լիբերալ կուսակցություն հռչակագիր էին ստորագրել։ Ինչի՞ մասին է այդ ստորագրությունը՝ մերձեցման մասին։ ՀՀՇ-ն, գիտեք, վերջին բանն էր նրանց ղեկավարի՝ Ղարաբաղը թողնենք Ադրբեջանին, զբաղվենք մեր գործերով։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչո՞ւ հրաժարական տվեց։ Դա ուժ էր։ Այդպես է ստացվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը