Լրահոս

29.03.2016 13:41


Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահը կեղծել էր քվեարկության արդյունքները

Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահը կեղծել էր քվեարկության արդյունքները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 5/38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արտակ Երեմյանը կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները:

Մասնավորապես, Ա. Երեմյանը, կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին և նպատակ ունենալով նպաստել դրանց ընդունմանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, 2015թ. դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը նշված տեղամասում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերն ու արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, ինչպես նաև մարման ենթակա քվեաթերթիկների հաշվին «Այո» քվեաթերթիկներն ավելացնելու եղանակով կեղծել է հանրաքվեի թիվ 5/38 տեղամասի քվեարկության արդյունքները: Ա. Երեմյանը կազմված արձանագրության կեղծված 4 օրինակներից մեկը ընտրական փաստաթղթերի հետ միասին փաթեթավորել է պարկում, մյուսը փակցրել է հիշյալ տեղամասի պատին, իսկ երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել է թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Արտակ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 29-ի դրությամբ հարուցվել և քննվել են 37 քրեական գործեր, որոնցից 11-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 6 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը