Լրահոս

30.03.2016 13:45


Բնապահպան. «Գյուղացիները չունեն գելխեղդ շներ, գոմերը բարվոք վիճակում չեն»

Բնապահպան. «Գյուղացիները չունեն գելխեղդ շներ, գոմերը բարվոք վիճակում չեն»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Սիլվա Ադամյանը խոսել է գյուղերում գյուղացիների վրա գայլերի հարձակման վտանգների, պատճառների և խնդրի լուծման ուղիների մասին:

–Սկսած 2011թ.–ից՝ հայտարարվել է գայլերի որս՝ գյուղական տնտեսությունների վրա հարձակումները կրճատելու նպատակով: Սակայն պայքարելու նման մեթոդը չի կարող արդյունավետ լինել գայլերի՝ իրենց կենսամիջավայրում ապրելու, բազմանալու և գյուղացիներին չվնասելու համար,-ասել է Սիլվա Ադամյանը:

Բնապահպանը նշել է մի քանի պատճառ, թե ինչու են գայլերը դուրս եկել իրենց բնադրավայրերից, և ինչու է մեծացել նրանց կողմից հարձակման վտանգը:

–Գյուղացիները չունեն գելխեղդ շներ, գոմերը բարվոք վիճակում չեն՝ չկա դուռ, տանիք, իսկ այդ ամենը նպաստում է գիշատչի որսին: Նա մտնում է գյուղական տնտեսություն, իր որսը կատարում և հեռանում,-ասել է Ադամյանը:

Բնապահպանը կարևորել է գիտության դերը տվյալ խնդրի լուծման հարցում: Ըստ նրա՝ գայլերին կրակելու փոխարեն գիտնականները պետք է հետազոտություններ կատարեն, մշտադիտարկումներ անցկացնեն, որպեսզի պարզեն, թե ինչու են տարեցտարի շատանում գայլերի հարձակումները գյուղական տնտեսությունների վրա:

–Պետք է անցկացվեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են գայլերի չիպավորումը, հաշվառումը, արհեստական կերակրումը, գայլերի համար կեր հանդիսացող կենդանիների որսի քանակի կրճատումը, ինչը, ցավոք, բացարձակապես չի արվում- նշել է Սիլվա Ադամյանը:

Ըստ բնապահպանության նախարարության՝ ՀՀ–ում կա մոտավորապես 500 գայլ, և դրանք հատկապես շատ են Հայաստանի հյուսիսային հատվածում, իսկ Սիլվա Ադամյանի ունեցած տվյալներով՝ 2015թ. ընթացքում հանրապետությունում գրանցվել է մոտավորապես հարձակման 30 դեպք:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը