Լրահոս

01.04.2016 15:01


Ճարտարապետ. «Ի սկզբանե «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումը եղել է սխալ որոշում»

Ճարտարապետ. «Ի սկզբանե «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումը եղել է սխալ որոշում»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի արդիականացման նոր նախագծին:

Նա նշել է, որ գրեթե 15 տարի քննարկվում է այն հարցը, որ գոյություն ունեցող կլոր օդանավակայանը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին և չի կարող օգտագործվել ժամանակակից ավիացիայի գործառույթների համար:

–Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ ի սկզբանե «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումը եղել է սխալ որոշում, ինչը հանգեցրել է տարբեր խնդիրների և եղել է ոչ շահավետ,-ասել է ճարտարապետը:

Թարխանյանի ներկայացրած նախագիծը ցույց է տալիս, թե որքան պարզ կարող է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացումը իր պահեստային տարածքների շնորհիվ:

–Եթե օդանավակայանի տակից հանենք ավտոկայանատեղին, ինչը անվտանգության առումով այսօր արգելված է միջազգային չափանիշներով, ներքևի մասում ձևավորվում են տարածքներ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել նորմալ ֆունկցիոնալ ավիացիոն աշխատանքներ: Ընդամենը պետք է ապակիներով փակել դրսի և ներսի օղակները, կառուցել մեկ հարկ մեջտեղում և ստանալ լրացուցիչ 28000ք/մ, ինչը բավարար է ֆունկցիոնալ աշխատանքի համար,-մանրամասնել է Թարխանյանը:

Ըստ ճարտարապետի՝ կոնցեսիոների ներկայացրած նախագծով նախատեսվում է 7 թռիչքուղի:

–Ըստ կոնցեսիոների մասնավոր ծրագրի՝ անհրաժեշտ է մոտավորապես 270 միլիոն դոլար: 160 միլիոն արդեն ներդրվել է, մնում է 110 միլիոն դոլար: Սակայն մեր խոշորացված տվյալներով, համապատասխան ֆինանսական սոֆթերի, մենք ստացել ենք 25-30 միլիոն դոլար, ինչի արդյունքում կունենանք 11 թռիչքուղի և գումարած կոնցեսիոների կողմից 4 թռիչքուղիները ընդհանուր՝ 15 թռիչքուղի,-ներկայացրել է Թարխանյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով էլ՝ «Զվարթնոց» օդանավակայանի շենքը հնարավոր չէ օգտագործել այլ նպատակների համար, այն էլ երբ շենքն ունի հնարավորություններ ծառայելու որպես օդանավակայան՝ մասնակի փոփոխություններ կատարելու դեպքում:

–Նախընտրելին այն է, որ մենք ունենանք ևս մեկ ինքնուրույն գործող օդանավակայան: Մեր ստեղծագործական և ինժեներական ներուժը այնպիսին է, որ օդանավակայանի վերակառուցման հետ կապված ցանկացած խնդիր կարող ենք լուծել,-ասել է Քալաշյանը:

Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանն էլ խոսել է նաև օդանավակայանի շենքի մշակութային արժեքից:

Հայ ժողովրին շատ է հետաքրքրում «Զվարթնոց» օդանավակայանի հետագա ճակատագիրը: Տարբերակներ կան, որ շենքն ուզում են քանդել, մեկ ուրիշը՝ կառուցել, բայց ինձ համար հոգեհարազատ է մերը՝ որպես ճարտարապետական կոթող, որից աշխրահում ոչ մի երկիր նման ճարտարաեպտական որոշում չունի,-ասել է Գրիգորի Վարդանյան:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը