Լրահոս

02.04.2016 17:35


ԼՂՀ ԱՆ. վիրավորված անձանց վիճակը վիրահատությունից հետո կայուն ծանր է

ԼՂՀ ԱՆ. վիրավորված անձանց վիճակը վիրահատությունից հետո կայուն ծանր է

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք եւ հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով եւ բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով եւ Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

ԼՂՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, թե Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդացման բաժանմունքում:

Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով եւ Գեւորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:

«Արեւիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գեւորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:

Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում:

Ինչպես արդեն հաղորդվել է, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը բացահայտ հարձակողական գործողություններ է ձեռնարկել։

Այս խորագրի վերջին նյութերը