Լրահոս

12.10.2010 18:19


ՀՀԿ–ական փոխմարզպետը խանդով է վերաբերվում ԲՀԿ-ի կառուցած ֆուտբոլի դաշտին

ՀՀԿ–ական փոխմարզպետը խանդով է վերաբերվում ԲՀԿ-ի կառուցած ֆուտբոլի դաշտին

Այսօր կայացել է մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը նիստին ներկա չեն եղել: Նիստի սկզբում անդրադարձել են համայնքների սեփական եկամուտների հավաքմանը։ Նշվել է, որ մարզի 19 համայնքներ 50%-ից ցածր ցուցանիշ են ապահովել: Փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը նշել է, որ հիշյալ 19 համայնքների համայնքապետերի վատ աշխատանքը ստվեր է ձգում է բարձր ցուցանիշ ապահոված գյուղապետերի աշխատանքի վրա և գցում մարզի ընդհանուր միջին ցուցանիշը: Փոխմարզպետի կարծիքով՝ գյուղապետերից ոմանք զբաղված են պոպուլիզմով, իսկ հարկերը նորմալ չհավաքելու դեպքում Սեյրան Պետրոսյանը զգուշացրել է, որ նրանք չեն ընտրվի՝ չմանրամասնելով, թե մարզպետարանն ու հարկերի հավաքագրումը ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեն:

-Դատի տվեք գյուղացիներին ու հարկեր հավաքեք,-գյուղապետերին հորդորում էին մարզպետարանի պաշտոնյաները, իսկ փոխմարզպետը այս առումով փոխանցել է մարզպետ Գիզիրյանի հանձնարարականը։

-Ուրեմն ես փոխանցում եմ Աշոտ Անդրանիկովիչի բառացի հանձնարարությունը՝ յուրաքանչյուր չկատարող համայնք պատասխան է տալու օրենքի առջև ամենայն խստությամբ,-հայտարարել է Սեյրան Պետրոսյանը:

Առահասարակ այս նիստի ժամանակ Սեյրան Պետրոսյանը մի քանի անգամ հիշել ու գյուղապետերին հիշեցրել է ընտրությունների մասին, հորդորել մտածել վերընտրվելու մասին: Այս համատեքստում հանրապետական փոխմարզպետը հիշել է մի քանի օր առաջ կոալիցիոն մեկ այլ կուսակցության՝ ԲՀԿ-ի կողմից Ամասիայում նոր ֆուտբոլի դաշտի բացման մասին: Սեյրան Պետրոսյանին զարմացրել էր այն հանգամանքը, որ այդ մասին մարզպետարանում տեղյակ չեն եղել.

-Համայնքներում մարզամշակութային և քաղաքական միջոցառումներ են անցկացվում, շատ լավ է: Թող մեզ տեղյակ պահեին, անշուշտ կնպաստեինք, անշուշտ կաջակցեինք: Քաղաքական միջոցառում է, ո՞ր կուսակցությունն է անցկացնելու, խնդրեմ, ո՞վ է արգելելու, կամ ո՞վ իրավունք ունի արգելելու։ Բայց մենք պետք է տեղյակ լինենք, մասնակցենք, որպեսզի ավելի ակտիվ անցնի,-ասել է Սեյրան Պետրոսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը