Լրահոս

04.04.2016 08:23


Է. Բաղդասարյան. «Իրադրությունը շարունակում է լարված մնալ հատկապես հյուսիսում» (լրացված)

Է. Բաղդասարյան. «Իրադրությունը շարունակում է լարված մնալ հատկապես հյուսիսում» (լրացված)

Մեր հրետանին փայլուն է աշխատում։ Իրավիճակի կառավարումը նախ նրանց շնորհիվ մերոնք վերցրին իրենց ձեռքը։

...

Մերոնք մեկ տանկ եւ մեկ անօդաչու էլ խփեցին։ Հակառակորդն արդեն դժվարանում է դիմադրել։

...

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները խուճապի մատնվեցին, նրանք փախուստի են դիմել: Հակական զինուժը նրանց կոմից գրաված դիրքերը հետ է վերցրել: Երեք տանկ են խփել այս ուղղությամբ: Հենց այս ուղղությամբ էին կենտրոնացված Թուրքիայից եկած վարձկանները: Հարավում մի քիչ առաջխաղացում ունենք, այստեղ երկու տանկ են խփել: Հակառակորդը մեծաթիվ դիակներ է թողել նահանջելիս, ցավոք, մենք էլ զոհեր ունենք:

...

Ծանր գիշեր էր նորից:

...

Պատերազմը միայն հերոսականություն չէ. պատերազմը նախ կորուստներ են, որոնց մասին չես կարողանում ոչինչ գրել։ Դու պատմություններ էլ չես կարողանում պատմել, որովհետեւ քո պատմությունները հերոսականության մասին ճշմարտության հետ աղերս չեն կարող ունենալ։ Պատերազմը մտնում է քո մեջ ու դուրս չի գալիս երբեք, նա դարձնում է իր պատանդը ու մսխում քեզ ժամանակի բոլոր հատվածներում։ Պատերազմի մասին հնարավոր չէ ճշմարտություն գրել, գրեթե հնարավոր չէ նկարագրել պատերազմը։

...

Ինչ էր ուզում անել Ալիեւը Ղարաբաղաադրբեջանական հակամարտության ընթացքում նման նախադեպը չունեցող ռազմական ագրեսիայով։ Ադբեջանի զինուժն, ամենայն հավանականությամբ, ցանկանում էր հյուսիսից եւ հարավից ճեղքել ռազմաճակատի գիծը եւ կայծակնային արագությամբ առաջ գալ։ Բայց մեր զինվորները կարողացան ձախողել նրանց պլանները, մեծ կորուստների գնով երկու ուղություններով կասեցվեցին նրանց գրոհները։ Ադրբեջանը երբեք այսքան զինտեխնիկա չէր օգտագործել, խփում էին ամեն ինչով։ Եւ կարծես թե հաստատվում է, որ նրանց կողմից գործողություններին մասնակցում էին նաեւ թուրք վարձկաններ։ Այդպես էր նաեւ 2014–ի օգոստոսի դիվերսիոն գործողությունների ժամանակ։ Դիվերսիան իրականացրած զինյալները պատրաստվել էի Թուրքիայում, իսկ նրանց գործողությունները կառավարում էին թուրք հրահանգիչ-սպաները։ Հիմա ակնհայտ են դառնում Ադրբեջանի զինուժի ձախողումները, մի քանի հարյուր զոհեր ունեն նրանք, ռազմադաշտում թողած տասնյակ դիակներ, զինտեխնիկայի հսկայածավալ կորուստ։ Չի բացառվում, որ նրանց պաշտապանության նախարարին ազատեն աշխատանքից, որովհետեւ հայկական զինուժի ճնշումներին նրանք արդեն չեն կարողանում դիմակայել, եւ կարելի է նաեւ ենթադրել, որ հայկական զինուժն առաջ կգնա որոշ ուղղություններով։

...

Նորից հարթավայրն ասես քաշում է հայ զինվորին, հարթավայրը տանում է քեզ, որովհետեւ հորիզոնը հեռու է, որովհետեւ Հայաստանն այսպիսի անծայրածիր հորիզոն չունի...

...

Իրադրությունը շարունակում է լարված մնալ հատկապես հյուսիսում։ Մեր լրագրողները այդ ուղղությունում են, կփորձենք ավելի ուշ լուսանկարներ եւ տեսանյութ հրապարակել։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը