Լրահոս

04.04.2016 17:15


ԻԻՀ ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն

ԻԻՀ ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր, արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ: Իրանի ռազմական կցորդը չհաստատեց վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնեց, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով: Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները՝ հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի, և չի բխում հայկական կողմի շահերից: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել անմիջական շփումները՝ ապատեղեկատվության տարածումը բացառելու համար: Այս համատեքստում Արցախի պաշտպանական բանակը լրացուցիչ կուսումնասիրի հրետակոծման փաստը և համապատասխան կարգով կտեղեկացնի իրանական կողմին:

Այս խորագրի վերջին նյութերը