Լրահոս

06.04.2016 09:44


ANCA-ն ճնշում է գործադրում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների վրա` ադրբեջանական ագրեսիան դատապարտելու համար

ANCA-ն ճնշում է գործադրում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների վրա` ադրբեջանական ագրեսիան դատապարտելու համար

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) բարձրաստիճան ներկայացուցիչները Պետդեպում խորհրդակցություն են ունեցել պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի հետ, որի ժամանակ քննարկվել է ամերիկահայերի` Միացյալ Նահանգներից ադրբեջանական ագրեսիան դատապարտել պահանջող կոչերի անհրաժեշտության հարցը։

«Ապրիլի 2-ից սկսած՝ մենք ակտիվ կապի մեջ ենք վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների ու օրենսդիրների հետ` փորձելով ամերիկյան կողմին ստիպել սկզբունքային պատասխան տալ Ադրբեջանի անխոհեմ հարձակմանն ընդդեմ Արցախի: Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի ամերիկահայերի ձայնը լսելի լինի ու հարգվի իշխանությունների կողմից»,-նշել է ANCA-ի գործադիր նախագահ Արամ Համբարյանը:

ANCA-ի ղեկավարությունը նկատում է, որ օրերս փոխնախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բաց թողեցին Ադրբեջանին խաղաղության պահպանման հարցում սաստելու հնարավորությունը: Եվ ԱՄՆ-ի պաշտոնական մակարդակի լռությունը կանաչ լույս հանդիսացավ Ալիևի համար տարածաշրջանային ագրեսիան «սրելու» հարցում:

«Վարչակազմը քաջատեղյակ է, որ Ադրբեջանն է ագրեսիայի սադրիչը, սակայն շարունակաբար հրաժարվում է ստիպել Ալիևին իրեն հաշիվ տալ մարդկային կյանքեր խլող, տարածաշրջանի վիճակն ապակայունացնող ու տարածաշրջանային պատերազմի վտանգը մեծացնող անխոհեմ ու ճակատագրական հարձակումների համար:

Միացյալ Նահանգների ու միջազգային հանրության` Ալիևի վերջին բռնարարքները դատապարտել չկարողանալու ֆոնին ամերիկահայերը կշարունակեն առաջ տանել կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելի խաղաղարար առաջարկները»,-նշվում է ANCA-ի տարածած հայտարարությունում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրումից հետո ANCA-ն ԱՄՆ-ի 50 նահանգներում ակտիվացրել է իր ակտիվիստներին, որոնք, ընդհանուր առմամբ, մոտ 30.000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն, Կոնգրեսի անդամներին, ինչպես նաև ԵԱՀԿ ներկայացուցիչներին:

«Tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը