Լրահոս

07.04.2016 11:22


Արցախի կառավարությունը սկսել է վնասված ենթակառուցվածքների վերլուծությունը

Արցախի կառավարությունը սկսել է վնասված ենթակառուցվածքների վերլուծությունը

Արցախի կառավարությունը կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունից 1.5 օր անց սկսել է ենթակառուցվածքների ու շինությունների վնասի գույքագրումը: «Tert.am»-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ամեն ինչ քննարկվում է, հիմա մենք պետք է վերլուծենք, հաշվարկենք` ինչպիսի կորուստներ ենք ունեցել, իհարկե, մարդկային կորուստներն անդառնալի են, բայց նյութական կորուստների հարցով արդեն իսկ կառավարությունը սկսել է, գործընթացը ընթանում է, տեսնենք` ինչ վնաս է հասցվել, քանի շենք պետք է վերականգնվի գյուղերում, քաղաքներում՝ Մարտակերտում, Մարտունիում, հասարակական, տնտեսական օբյեկտները»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ բնականաբար, հաշվի առնելով, որ հարաբերական հրադադարից 1,5 օր է անցել, ըստ որում՝ այն պարբերականորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, այս պահին որևէ նախնական պատկեր ու հաշվարկ չի կարող լինել:

«Մեր հանրությունը տվյալ դեպքում պետք է ավելի հանգիստ լինի, եթե կարելի է այդպես ասել, բայց և՛ վնասի չափը, և՛ առհասարակ ամեն ինչ արվելու է այս ուղղությամբ»,-ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը ամեն դեպքում բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, Դավիթ Բաբայանն ասաց, որ պայմանավորվածությունները խախտելը բնորոշ է հակառակորդին:

«Միշտ էլ դիմում է նման քայլերի, 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր գրեթե ամեն օր խախտում է զինադադարի ռեժիմը, բայց ամեն ինչ համեմատության մեջ է, համեմատելով այն իրավիճակի հետ, որ մենք ունենեինք ապրիլի 1-4-ը, դրանից մեկ-երկու տարի առաջ, վերջին երկու օրվա խախտումները շատ ավելի քիչ են, չնչին են: Դժբախտաբար, մենք ունեցանք մեկ զոհ, որն անդառնալի կորուստ է: Բայց սա է իրավիճակը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Մանրամասն՝ «Tert.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը