Լրահոս

07.04.2016 16:26


ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Շաքարային դիաբետը հնագույն հիվանդություն է, որի աճից հասցված վնասները զգալի են ժամանակակից աշխարհում: 1980 թվականին մոտ 108 միլիոն չափահաս մարդ ուներ շաքարային դիաբետ: 2014 թվականին այդ թիվը հասավ 422 միլիոնի՝ կազմելով չափահաս մարդկանց 8,5 տոկոսը, որը կապված էր ռիսկի գործոնների այնպիսի գլոբալ աճի հետ, ինչպիսիք են ավելորդ քաշը կամ գիրությունը:

Թեև մենք ունենք հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար անհրաժեշտ միջոցներ, այնուամենայնիվ, ներկայում շաքարային դիաբետը դարձել է տարեկան 1,5 միլիոն մարդու մահվան պատճառ: Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը լրացուցիչ խլում է տարեկան 2,2 միլիոն մարդու կյանք:

Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է իր առաջին Համաշխարհային զեկույցը շաքարային դիաբետի վերաբերյալ` վերհանելով այդ հիմնախնդրի ծավալներն ու առաջարկելով առկա միտումները փոխելու նոր ուղիներ: Շաքարային դիաբետի ծանրությունը երկրների ներսում կամ նրանց միջև հավասարապես չէ բաշխված: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հիվանդության ազդեցությունը բաշխվում է անհամաչափորեն, մինչդեռ այնտեղ, որտեղ կա աղքատություն, առկա են նաև հիվանդություններ ու վաղաժամ մահեր:

Շաքարային դիաբետը բացասական ազդեցություն է ունենում երկրների առողջապահական համակարգերի ու տնտեսությունների վրա աճող ծախսերի ու աշխատավարձերի պատճառով: 2011 թվականին աշխարհի առաջնորդները համաձայնել են, որ ոչ վարակիչ հիվանդություններն, այդ թվում` շաքարային դիաբետը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում կայուն զարգացման հասնելու համար: Անցյալ տարի անդամ-երկրների կառավարություններն ընդունել են Կայուն զարգացման նպատակները, որոնց թիրախներից մեկը՝ մեկ երրորդով ոչ վարակիչ հիվանդություններից վրա հասած վաղաժամ մահացության թվաքանակի կրճատումն է:

Մենք կարող ենք սահմանափակել շաքարային դիաբետի տարածումն ու ազդեցության հետևանքները` խթանելով և առաջարկելով ավելի առողջ ապրելակերպ, հատկապես երիտասարդների շրջանում, ինչը ենթադրում է ճիշտ սննդակարգ ու ֆիզիկական ակտիվություն: Մենք նաև պետք է բարելավենք շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացներն ու հիմնական դեղորայքի, այդ թվում` ինսուլինի հասանելիությունը հիվանդներին: Կառավարություններն, առողջապահական ծառայությունները, շաքարային դիաբետով հիվանդները, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև սննդամթերք արտադրողներն ու դեղամիջոցների և տեխնոլոգիաների մատակարարները պետք է նպաստեն այս հիվանդության «ստատուս-քվոն» փոխելու գործընթացին:

Առողջության համաշխարհային այս օրը եկե´ք բոլորս ստանձնենք միահամուռ աշխատելու պարտավորություն` դադարեցնելու շաքարային դիաբետի աճն ու բարելավելու այն մարդկանց կյանքը, ովքեր տառապում են այդ վտանգավոր, սակայն կանխարգելելի և բուժելի հիվանդությամբ:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մուն

Այս խորագրի վերջին նյութերը