Լրահոս

07.04.2016 20:05


Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 8-ին

Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 8-ին

Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-ին:

Ապրիլի 1-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած նիստին ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, որի շրջանակներում ներկայացվեցին նաև ռուսական կողմի իրականացրած դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննության (ԴՀՖՓ) արդյունքները:

ԴՀՖՓ (ստի դետեկտոր) միջոցով փորձեցին պարզել, թե ինչպես են իրականացվել սպանությունները, ինչպես նաև ստուգվել է Վ. Պերմյակովի ցուցմունքների «ճշմարտացիությունը»:

Այսպես, դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննությամբ գրանցվել են հակազդակներ, որոնք հաստատում են, որ Վ. Պերմյակովը սպանությունները կատարել է միայնակ, սվին դանակը ինքնաձիգին ամրացրել է տուն մտնելուց առաջ, կրտսեր Սեյոժա Ավետիսյանին սպանել է սվին դանակով: Պերմյակովը նշել է, թե կրտսեր Հասմիկ Ավետիսյանին նույնպես սվինով է սպանել, այնինչ փորձաքննությամբ ապացուցված է այն հանգամանքը, որ երեխան մահացել է հրազենային վնասվածքից:

Չեն գրանցվել հակազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկատվության տիրապետում այն մասին, թե Վ. Պ. Պերմյակովը ինչպիսի այլ բռնի գործողություններ է կատարել երեխաների նկատմամբ:

Դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննությամբ ստացվել են հակազդակներ, որ Վ. Պերմյակովի համար Աիդա Ավետիսյանին սպանելու շարժառիթ է հանդիսացել վերջինիս նկատմամբ զգացած ատելությունն ու վիրավորանքը. աղջիկը անսպասելիորեն գոռացել է:

Վ. Պերմյակովը փորձել է թաքցնել, թե ինչ դիրքում է սպանել Արաքսյա Պողոսյանին. նրա ցուցմունքն այն մասին, թե Արաքսյա Պողոսյանը արթնացել, նստել և փորձել է զանգել հեռախոսով, չի հաստատվել փորձաքննությամբ: Գրանցվել են հակազդակներ, համաձայն որոնց՝ Վ. Պերմյակովը տիրապետում է տեղեկության այն մասին, որ Ա. Պողոսյանը եղել է պառկած՝ ծածկոցի տակ թաքնված: Վերջինիս նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ Վ. Պերմյակովը տեղեկատվության չի տիրապետել:

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ Վ. Պերմյակովը մասնակի թաքցրել է տեղեկատվությունն այն մասին, թե ինչ դիրքով է կատարել Արմեն Ավետիսյանի, ավագ Հասմիկ Ավետիսյանի և ավագ Սերյոժա Ավետիսյանի սպանությունները:

Փորձաքննությամբ չի հաստավել նաև Վ. Պերմյակովի կողմից այնպիսի տեղեկատվության տիրապետումը, որ նա նախկինում ինքնակամ լքել է զորամասը:

Առաջիկա դատական նիստին դատարանը կանցնի իրեղեն ապացույցների հրապարակմանը:

ՀՔԱՎ

Այս խորագրի վերջին նյութերը