Լրահոս

07.04.2016 21:17


36 զոհ, 21 անհետ կորած, 122 վիրավոր. Արցախի ՊԲ–ն նոր տվյալներ է հրապարակել

36 զոհ, 21 անհետ կորած, 122 վիրավոր. Արցախի ՊԲ–ն նոր տվյալներ է հրապարակել

Ապրիլի 1–7–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ԼՂՀ ՊԲ զինծառայողների թիվը հասել է 36-ի, վիրավորների թիվը կազմում է 122: Զոհվածներից 9–ը սպաներ և ենթասպաներ են, 27–ը՝ սերժանտներ, շարքայիններ, պայմանագրային զինծառայողներ։ Վիրավորներից 24–ը սպաներ և ենթասպաներ են, 98–ը՝ սերժանտներ, շարքայիններ, պայմանագրային զինծառայողներ:

Այս մասին Արցախի ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Նրա խոսքով՝ ՊԲ զոհված զինծառայողների թիվն ավելացել է այն պատճառով, որ որոնողական աշխատանքների արդյունքում մարտադաշտից հայտնաբերվել են 4 զինվորների աճյունները:

ՊԲ օպերատիվ բաժնի պետը տեղեկացրել է, որ անհայտ կորած զինվորների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 21 հոգի: Այս ընթացքում որոնողական աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերման ուղղությամբ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նաև ողջ զինվորներ: Գնդապետ Վիկտոր Առուստամյանը տեղեկացրեց նաև, որ այսօր Ակնայի (Աղդամ) տարածքում ՊԲ զինված ուժերի կողմից խոցվել է հակառակորդի 1 անօդաչու թռչող սարք:

Հարցին՝ ինչու չեն հրապարակվում անհետ կորածների անունները Վիկտոր Առուստամյանը պատասխանել է. «Պարբերաբար դեռ ճշտվում են, նրանց կազմից հայտնաբերվել են և՛ ողջ, և՛ զոհված զինծառայողներ, որոնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, երբ մոտ օրերս կհամոզվենք, որ նրանք պաշտպանության գոտում չկան, կհրապարակվեն նրանց ցուցակը»։

Այս խորագրի վերջին նյութերը