Լրահոս

08.04.2016 12:10


Դե Վաալ. «Նախահարձակ կողմը՝ Ադրբեջանը, գրավել է որոշ բարձունքներ և հողակտորներ»

Դե Վաալ. «Նախահարձակ կողմը՝ Ադրբեջանը, գրավել է որոշ բարձունքներ և հողակտորներ»

Վերլուծաբանները փորձում են ամփոփել քառօրյա պատերազմի արդյունքները։ Քարնեգի հիմնադրամի փորձագետ, Լեռնային Ղարաբաղի մասին բազում աշխատությունների հեղինակ Թոմաս դե Վաալը «Ազատության» թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է, որ «նախահարձակ կողմը` Ադրբեջանն, իհարկե, լուրջ նվաճումներ չի ապահովել, քանի որ գրավել է որոշ բարձունքներ և հողակտորներ, սակայն դա շատ քիչ է հայերի հսկողության ներքո գտնվող տարածքների համեմատությամբ»։

«Շարունակել գործողությունը կնշանակեր կրել է՛լ ավելի մեծ կորուստներ նվազագույն ձեռքբերումների դիմաց, - ասել է բրիտանացի փորձագետը։

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե «արդյոք սա վճռակա՞ն գրոհն էր, որի մասին խոսել են Ադրբեջանի նախագահը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը, թե՞ հանգամանքների զուգադիպում, որը հետո օգտագործվել է բախումներ սկսելու համար», Թոմաս դե Վաալն ասել է, որ ստույգ պատասխան չկա, քանի որ տեղում քիչ են դիտորդները։

Անցած երկու տարում շփման գծում եղել են շատ բախումներ։ Գարնանն էլ դրանք ավելի հաճախ են պատահում, որովհետև սարերում ավելի դյուրին է մարտեր վարել։

«Բայց ավելի բարդ գործողություններ իրականացնելու և դրանց ընթացքում ծանր զինատեսակներ կիրառելու համար անհրաժեշտ է Երևանում կամ Բաքվում նախագահի քաղաքական կամքը, նման որոշումներ պարզ հրամանատարները չեն ընդունում»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Խոսելով միջազգային իրավիճակի մասին՝ փորձագետն ասել է, որ Կովկասն, իհարկե, միջազգային ազդեցությունների տարածաշրջան է, և Ռուսաստանն այստեղ նշանակալից դեր է խաղում, բայց նրանք, ովքեր ակնարկում են «Մոսկվայի ձեռքի» մասին, հաշվի չեն առնում, որ ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի` Ռուսաստանն այստեղ խաղաղապահներ չունի։

«Ես չեմ տեսնում Ռուսաստանի ձեռքն այստեղ»,- ասել է Թոմաս դե Վաալը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը հիմա չունի հարցը ռազմական տարբերակով լուծելու հնարավորություն։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը