Լրահոս

09.04.2016 12:49


Հետազոտվել են Պերմյակովի ինքնաձիգն ու սվին դանակը

Հետազոտվել են Պերմյակովի ինքնաձիգն ու սվին դանակը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով նախօրեին կայացած դատական նիստում հետազոտվեցին գործում առկա ապացույցները: Առաջինը հետազոտվեցին մեղադրյալ Վալերի Պերմյակովին ամրակցված «ԱԿՍ 74» ինքնաձիգը և սվին դանակը: Այս մասին հայտնում է «azatutyun.am»–ը։

Ապա դատարանը հետազոտեց Ավետիսյանների տնից հայտնաբերված 28 պարկուճներն ու 16 գնդակները, նաև մի շարք այլ ապացույցներ՝ Պերմյակովի հեռախոսները, զինվորական համազգեստը, որով նա զորամասից դիմել էր փախուստի, Ավետիսյանների տանը զգեստափոխվելիս հագած հագուստը: Հրապարակվեց նաև գործում առկա 15 տեսաերիզներից մեկը: Դրանում դեպքի վայրում՝ Ավետիսյանների տանը սպանության օրը կատարված նկարահանման նյութն էր:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչները՝ Լուսինե Սահակյանը և Երեմ Սարգսյանը փաստեցին, որ Պերմյակովը, առանց դեմքի արտահայտությունը փոխելու, դիտեց Ավետիսյանների դիակները պատկերող տեսաերիզը:

Դատարանը հրապարակեց նաև Պերմյակովի մի քանի ծառայակիցներին որպես վկա դատարան կանչելու համար իրենց հեռագրերի և հարցումների՝ Ռուսաստանից ստացված պատասխանները: Պատասխաններից մեկում ասվում էր, որ դուռը փակ է եղել, ուստի անձը չի ծանուցվել: Մեկ այլ պատասխանում նշված էր, որ անձի գտնվելու վայրը հայտնի չէ:

Փաստաբանները միջնորդեցին կրկնակի հարցում ուղարկել, նաև ռուսական կողմից ստանալ որոշ փաստաթղթեր, որոնցով պարզ կդառնա՝ արդյո՞ք ռուս պաշտոնյաների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ Պերմյակովի զորակոչի հետ կապված, քանի որ գործում առկա նյութերը փաստաբաններին հիմք են տալիս ենթադրելու, որ վերջինս չպետք է զորակոչվեր, ավելին՝ հայտնվեր Հայաստանում: Դատարանը բավարարարեց միջնորդությունները:

Դատական հաջորդ նիստը կկայանա հաջորդ ուրբաթ: Դրա ընթացքում հարցաքննվելու է Վալերի Պերմյակովը:

«azatutyun.am»

Այս խորագրի վերջին նյութերը