Լրահոս

09.04.2016 19:35


Ի. Պոպով. «Խաղաղապահները տեղակայվելու են միայն հակամարտության կարգավորման վերջնական փուլում» (տեսանյութ)

Ի. Պոպով. «Խաղաղապահները տեղակայվելու են միայն հակամարտության կարգավորման վերջնական փուլում» (տեսանյութ)

Երևանում այսօր ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ասուլիսին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ, այսպես կոչված, լավրովյան որևէ փաստաթուղթ գոյություն չունի:

–Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում: Գոյություն ունի մի քանի տարբերակ, բայց դրանք հիմնված են հակամարտության կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի վրա, որոնց մասին քանիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները: Հիշեցնեմ, որ սկզբունքները հետևյալն են՝ ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն,–ասել է Պոպովը՝ հավելելով, որ վեց հիմնական տարրերից ամենակարևորը երկուսն են՝ տարածքների վերադարձը և ԼՂ կարգավիճակի կարգավորման հարցը, որոնք հարկավոր է դիտարկել մեկ ամբողջություն և չստորադասել մեկը մյուսին։

–Բացի այս երկու տարրերից կա՝ նաև փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն: Նախատեսված է, որ խաղաղապահների տեղակայում կլինի վերջնական կարգավորման փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի,- նշել է Պոպովը:

Այս խորագրի վերջին նյութերը