Լրահոս

09.04.2016 20:57


Վիրավորների առողջական վիճակում կա դրական շարժընթաց

Վիրավորների առողջական վիճակում կա դրական շարժընթաց

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Նախարարին տեղեկացրին, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը` ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։

Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։

Նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։

Նախարարը շնորհակալություն հայտնեց մասնագետների խմբին բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար։

Ա. Մուրադյանն այնուհետև այցելեց ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր իրենց բուժումն է շարունակում 4 վիրավոր (2-ը` պայմանագրային, 2-ը` ժամկետային զինծառայող)։

Զինվորներին վնասվածքաբան Կարեն Պողոսյանը վիրահատել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այժմ Երևանում շարունակվում է նրանց նեղ մասնագիտական բուժումը։ Ընդհանուր առմամբ, բժիշկը Գորիսում 10 վիրահատություն է կատարել։

Վնասվածքաբանները ներկայացրեցին վիրավորների բուժման ընթացքը և արդյունքները։

Նախարարին նաև զեկուցվեց, որ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը