Լրահոս

10.04.2016 18:15


Գլխատված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են

Գլխատված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են

Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են: «Ազատության» հետ զրույցում Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը պատմեց, որ տղայի անդամահատված գլուխը երեկ են ստացել, մինչդեռ մարմինը հուղարկավորել էին 7 օր առաջ:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը տեղեկացրեց, որ զինծառայողի գլուխը վերադարձվել է Կարմիր խաչի միջնորդությամբ:

«Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծելա, նոր իրանց խփել են: Հրամանատարը վիրավոր ա եղել, իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ, ու իրան էլ են խփել, որ պատրոնները պրծել են,-պատմեց հայրը.-դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ բայց երեկ էլ գլուխը բերինք անատոմիկից, տարանք, դագաղը հանեցինք, բացեցինք, գլուխը դրեցինք տեղը, թաղեցինք»։

Քյարամի ավագ եղբայրը՝ Համիկը, հպարտանում է զինվոր եղբորով, ասում է՝ հերոսաբար է զոհվել: Մարմնի վրա առկա հրազենային վնասվածքներից ենթադրում է՝ մինչև վերջին պահը պայքարել է. «Որովհետև որտեղ որ իրանք կռվել են, էդտեղից մի «Կամազ»-ից ավել ադրբեջանցու դիակ են հանել։ Բայց մինչև էդ, որ իրանց փամփուշտները վերջացել էր, հրամանատարը նռնակը քաշել էր, որ գերի չընկնեն։ Հրամանատարը մահացել էր, ախպերս էլ վիրավորվել էր ոտից, բայց էդքանից հետո նորից առանց զենք իրանք ուզեցել են բռնեն, որ տանջամահ անեն, գերի վերցնեն։ Չեն կարացել։ Էլի կռիվ է արել, մի հատ ուսից կրակել են, էլի վրեն չեն կարեցել, նոր էրկու հատ սրտին են կրակել։ Վիշտ է մեր մոտ, բայց հպարտ ենք, որովհետև մեր էրեխեն հերոսություն է արել»։

Քյարամի մայրը, ով առայսօր տեղյակ չէ որդու մահվան մանրամասներին, ողբում էր որդու կորուստը, ասում էր «ես որդուս պատերազմ չէի ուղարկել», հետո մի պահ դադարեցնում է ողբը ու հպարտանում Քյարամի փայլուն ծառայությամբ: Մայրը որդու հետ վերջին անգամ ապրիլի 1-ին է խոսել, Քյարամն ասել է՝ դիրքերում է, ամեն ինչ լավ է, չմտածես:

«Ղրկել էի բանակ, երկու ամիս էր մնացել, հո չէի ղրկել պատերազմ բալիս։ Ինքը ուզում էր ծառայել, ուզում էր գար, տունը սարքեր, ասում էր՝ մամա ջան, տունը սարքեմ, ու մեկ էլ դու չաշխատես, քեզի թագուհու պես պահեմ, ըհը, պահեց մոր թագուհու պես»,- լալիս էր մայրը։

17 օրից՝ ապրիլի 27-ին, Քյարամ Սլոյանը պետք է տոներ 20-ամյակը, իսկ հուլիսին ավարտեր զինծառայությունը և վերադառանար հայրենի Արտաշավան: Հայրն ասում է՝ բանակ ուրախությամբ է գնացել, անհամբերությամբ էր սպասում այդ օրվա: Հոր փոխանցմամբ՝ Քյարամը բազմաթիվ երազանքներ ուներ, ու ամենագլխավորը, թերևս, կիսակառույց տունը ավարտին հասցնելն էր:

«Ասում էր՝ կգամ, պապա ջան, դու ու մաման չեք աշխատի, ես ձեզ կպահեմ, ամեն ինչը ես եմ անելու ձեր համար»։

Տունը, որտեղ բնակվում է զինծառայողի բազմանդամ ընտանիքը, ծայրահեղ վատ վիճակում էր, աղյուսապատ մի շինություն՝ խոնավ պատերով, թաց հողե հատակով: Նաև այս վիճակն էր պատճառը, որ Քյարամի հոգեհացի արարողությունը անցկացնում էին հորեղբոր տանը:

Մանրամասն՝ «Ազատությունում»։

Նշենք, որ Քյարամ Սլոյանի ընտանիքին աջակցելու նպատակով «Facebook»-ում խումբ է բացվել՝ «Օգնենք Քյարամ Սլոյանի ընտանիքին» անվամբ:

Այս խորագրի վերջին նյութերը