Լրահոս

13.10.2010 13:22


ՀՀԿ–ական պատգամավորը ՀԱԿ–ին առաջարկում է օպերա գրել

ՀՀԿ–ական պատգամավորը ՀԱԿ–ին առաջարկում է օպերա գրել

-ՀԱԿ-ը ժամանակ առ ժամանակ փորձում է  հիշեցնել իր մասին տարբեր հայտարարություններով ու ասուլիսներով,-այսօր «Հենարան» ակումբում ասել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը։-ՀԱԿ-ի համար գերխնդիր է դարձել Ազատության հրապարակը։ Երևի թե տարիների ընթացքում նախագահական նստավայրը փոխվել է Ազատության հրապարակով. առաջ իրենց համար գերխնդիր էր նախագահական նստավայրը։ Եվ դա պատահական չէ։ Դա այն ակտիվության պակասն է, որ այսօր մենք բոլորս տեսնում ենք ՀԱԿ-ում և ՀԱԿ-ի գործունեության մեջ։ ՀԱԿ-ի գործունեության մեջ շատ հստակ է նաև հետևյալը, որ փորձում են ներիշխանական քամիներ բռնել ՀԱԿ սպասարկող տարբեր լրատվական միջոցներով։ Դա ևս խոսուն փաստ է, ինչը խոսում է ՀԱԿ-ի ակտիվության մասին։ Ասեմ նաև, որ «Մուսաֆաթ» կուսակցության հետ վերջերս կնքած փաստահռչակագիրն էլ է խոսուն, որովհետև Եվրոպայի աչքերին երևի պուպուշ երևալու խնդիր ունեն, և անգամ «Մուսաֆաթ» կուսակցության հետ իրենք գնում են համաձայնության, որը միշտ հայտնի է եղել իր հակահայկական դրսևորումներով։ Իսկ ինչ վերաբերում է, թե ՀԱԿ-ը ե՞րբ կվերադառնա Ազատության հրապարակ, եթե կատակով ասեմ՝ ամենալավ ձևը մի հատ օպերա գրելն է, սպասել՝ այդ օպերան որոշակի ճանաչում ունենա, և հետո տարիների ընթացքում կհայտնվեն Ազատության հրապարակում։

«7օր»-ի հարցին՝ «Իսկ չե՞ն վախենում, որ մի օր ՀԱԿ-ի համբերության բաժակը կլցվի, և ինչպես ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էր ասել, առանց քաղաքապետարանի թույլտվության կմտնեն Ազատության հրապարակ», Կ. Ավագյանը պատասխանել է.

-Իրականում չենք վախենում։ Դրա մասին էլ ասեմ, որ նույն ՀԱԿ-ն այսօր ունի սերնդափոխության խնդիր, և նույն ՀԱԿ-ում այսօր դեռ չի ձևավորվել այն 2-րդ անձը, որը փոխարինելու է Լևոն Տեր-Պետրոսյանին, որը և խանգարում է ՀԱԿ-ի գործունեությանը, ակտիվությանը ներքաղաքական դաշտում։ Իսկ իրականում ոչ մի վախենալու բան չկա, որովհետև ոչ մի տարբերություն չկա, թե Օպերայից քանի մետր հեռավորության վրա է իրականացվում այդ հանրահավաքը։

«Իսկ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին փոխարինող կա՞»։ «7օր»-ի այս հարցին ի պատասխան՝ Կ. Ավագյանն ասել է.

-ՀՀԿ-ն նման խնդրի առաջ չի կանգնել։ ՀԱԿ-ը կանգնել է։ Դա երևում է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունից ու պասիվությունից։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը