Լրահոս

13.10.2010 14:35


Լավ է ուշ, քան երբեք...

Շիրակի մարզի լեռնային գյուղերում օրերս ձյուն տեղած և առաջին ձյանը համընկավ հոկտեմբերի 9-ին Գյումրու Մուշ-2/2 նորակառույց թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքին և որակին հետևելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի և ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը:

Գյումրու Մուշ-2/2 թաղամասում 2010 թվականի տարեսկզբից մեկնարկեց երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների բնակարանների շինարարության 2-րդ փուլը, համաձայն որի նախատեսվում է շահագործման հանձնել  37 բազմաբնակարան շենք 1944 բնակարանով, որոնցից' հինգ շենք 220 բնակարանով Անի թաղամասում, 32 շենք 1724 բնակարանով Մուշ-2/2 թաղամասում:

Շիրակի մարզպետարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն վերջիններս Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել են Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակ, որտեղ քաղաքաշինության նախարարը խոսելով կատարված աշխատանքների մասին, հավաստիացրել է, որ իրականացվող շինարարության որակի հետ կապված պահանջները խիստ են, չի դրված  ժամկետների խնդիր, առավել խիստ է վերահսկվում շինարարության պետական տեսչության կողմից և այն թերությունները, որոնք տեղ էին գտել նախորդ շինարարության փուլում չեն կրկնվի:

Այնուհետև նույն աղբյուրի տեղեկատվության համաձայն  շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են Մուշ-2 թաղամասի առաջին ծրագրով շահագործման հանձնված 1056 բնակարանների բնակեցման հետ կապված խնդիրները:

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած 1056 ընտանիքներից հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակվում են շուրջ 600 ընտանիքներ: Բնակարան ստացած ընտանիքներից դպրոցական հասակի երեխաների քանակը 691 է: Մուշ-2 թաղամասի թիվ 42 ավագ դպրոց հաճախում են թվով 179 աշակերտներ, որոնցից 52-ը համալրվել են Մուշ-2 նորակառույց թաղամասից: Մուշ-2 թաղամասի թիվ 43 դպրոց հաճախում են 92 աշակերտ, որոնցից 39-ը առաջին դասարանցիներ, նրանցից 17-ը Մուշ-2 նորակառույց թաղամասից: Արդեն պատրաստ է նորակառույց թաղամասի դպրոցի շենքի նախագիծը, ընթացքի մեջ է մանկապարտեզի շենքի նախագծման աշխատանքները: Նորակառույց թաղամասում գործում է թիվ 26 ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղին: Շահագործման հանձնված նորակառույց բնակարաններում առաջ են եկել թերություններ ջրամատակարարման /խմելու ջրագիծ/ և ջրահեռացման /կոյուղի/ կատարված աշխատանքներում, որն ուսումնասիրելու և տեղ գտած թերությունները վերացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Ջրամատակարարման պայմանագրեր կնքել են 877 ընտանիքներ, ջրաչափեր տեղադրվել են 603 բնակարաններում, կապարակնիքվել է 400 ջրաչափ: Գազամատակարարման սպառող դառնալու համար դիմումներ են ներկայացրել 810 ընտանիքներ, գազասարքավորումներ մոնտաժված են 600 բնակարաններում, տեղադրվել են 252 գազամատակարարման հաշվիչներ: 1010 ընտանիքներ էլեկտրոէներգիայի մատակարարման համար բաժանորդ դառնալու դիմում են ներկայացրել, 961 բնակարաններում տեղադրվել են էլեկտրահաշվիչներ: 

 Հանձնարարվել է արագացնել հատկապես բնակարանների գազիֆիկացման աշխատանքները, որպեսզի բնակչությունը ձմռանը գազամատակարարման հետ կապված խնդիրներ չունենա:

Քննարկվել են նաև տարածքներից ժամանակավոր կացարանների հեռացման հարցը, որը շատ դանդաղ է իրականացվում: Բնակարան ստացած 703 տնակի բնակիչներից, միայն 240-ի տնակներն են ապամոնտաժվել և տարածքներն ազատվել: Հանձնարարվել է աշխատանքներ տանելու տարածքներն ազատելու ուղղությամբ: Քննարկվել է նաև բնակչության կենցաղ սպասարկման օբյեկտների հարցը և տրվել է հանձնարարական' սպասարկման օբյեկտների հարցում լինել խիստ հետևողական, կազմել տիպային նախագծեր, որոնք կհամապատասխանեն քաղաքաշինական նորմերին:   

Նշենք, որ  բնակելի թաղամասի շահագործումից երկու ամիս անց, դեռևս օգոստոս ամսին, երբ ակնհայտ դարձավ, որ Գյումրիում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված թաղամասում չեն լուծվում բնակարան ստացած անօթևանների բնակեցման գործընթացում ի հայտ եկած խոչընդոտները Շիրակ կենտրոն ՀԿ-ն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին հղեց դիմում ուղերձ ( www.shirakcentre.org )' Գյումրու Մուշ - 2 նորակառույց թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու խնդրի մասին: Բազմաթիվ էլեկտրոնային և տպագիր թերթերում  հրապարակված դիմում ուղերձում մտահոգություն էր հայտնվել, որ Գյումրու Մուշ-2 նորակառույց թաղամասի բնակեցման գործընթացում ի հայտ են եկել զգալի խոչընդոտներ: Առաջարկվել էր բնակարան ստացած ընտանիքների' տնակներից նոր բնակարաններ տեղափոխումն արագացնելու համար հրատապ լուծել բնակարաններն ապահովել անխափան ջրամատակարարմամբ, գազով և էլեկտրաէներգիայով մատակարարելու խնդիրները: Ինչպես նաև առաջարկվել էր.  «1. Կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ»-ին պետք է պարտադրել, որ վերջիններս տրամադրեն շինարարական բավարար աշխատուժ և նորակառույց բնակելի շենքերում առկա թերություններն ու բացթողումները կարճ ժամանակամիջոցում վերացնեն: Այդ թվում' բնակարաններում իրականացնեն գազօջախների, սանիտարատեխնիկական սարքավորումների, ջեռուցման համակարգերի միացման աշխատանքները և մի շարք բնակարաններում  տեղադրված ու կոտրված սանիտարատեխնիկական սարքավորումները փոխեն նորերով:

2. Գյումրու քաղաքապետարանն էլ պետք է նորակառույց թաղամասը քաղաքի կենտրոնին կապող նոր երթուղային միջոցներով ապահովի: Տրամաբանական կլինի, եթե բացի երթուղային տաքսիներից գործի նաև ավտոբուսային երթուղի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակարաններ են ստացել հարյուրավոր միայնակ ծեր, հաշմանդամ քաղաքացիներ, բազմանդամ, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներ, թերևս անհրաժեշտ է, որ առաջիկա մեկ-երկու ամիսը այդ ավտոբուսները նորակառույց թաղամասի բնակիչների համար գործեն անվճար»։ 

Վերջում ավելացնենք, որ Շիրակին առանձնահատուկ մոտալուտ ցրտաշունչ ձմռանը նորակառույց թաղամասն առավել դժվար, եթե չասենք գրեթե անհնար կլինի բնակեցնելը, իսկ ձմռանը նորակառույց բնակարաններն առանց բնակեցման թողնելն իր հերթին կբերի ծանր հետևանքների, հատկապես ջրատար և կոյուղատար   համակարգերի պահպանման առումով:

Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը