Լրահոս

14.04.2016 14:58


Վ. Սիսլյան. «Ամեն օր թշնամու հարձակումը կարող է նորից կրկնվել»

Վ. Սիսլյան. «Ամեն օր թշնամու հարձակումը կարող է նորից կրկնվել»

«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմը ծավալել է գերտերությունների կանաչ լույսի ներքո: Նա նաև հավելել է, որ ամեն օր այդ հարձակումը կարող է նորից կրկնվել, իսկ հայ զինվորը թեև անհաղթ է իր ոգով, բայց պակաս կարևոր չէ ժամանակակից զինամթերքի առկայությունը։

Մեր մեղքն այն է, որ ադրբեջանական կողմի հարձակումը հանկարծակի էր: Իշխանությունն էլ յուրաքանչյուր զինվորի պետք է անհատական ուշադրություն դարձնի՝ սկսած գուլպաներից մինչև վերջին մանրուքը,-ասել է Վ.Սիսլյանը՝ հավելելով,-մենք պետք է Ադրբեջանին ստիպենք, որ մոռանա Արցախի մասին: Ես դեմ եմ անգամ մեկ սանտիմետր հողհանձնելուն: Մեր անվտանգությունն ամրապնդելու համար մի 7 շրջան էլ դեռ պետք է ազատագրենք: Վերջին դեպքերն ապացուցեցին, որ մեր զինվորները պատրաստ են: Իհարկե, ավելի լավ տեխնիկա ունենալու դեպքում մենք ավելի քիչ զոհ կունենայինք,-ասել է նա՝ հավելելով, որ քանի Ադրբեջանը նույն տրամադրությունն ունի, մենք պետք է ռազմական առումով պատրաստ լինենք, հստակ դնենք, որ Արցախը հայ ժողովրդինն է, աշխարհից պահանջենք ճանաչել Արցախի անկախությունը:

Վազգեն Սիսլյանն ասել է, որ իր համար անակնկալ է եղել երիտասարդների պայքարի ու քաջության ոգին.

-Ամբողջ աշխարհում ողջ հայությունն այս հարցով միացավ, և ես ցանկանում եմ, որ այդ միացումը միշտ պահպանվի, քանի որ մեր զինվորները կարիք ունեն յուրաքանչյուր հայի օժանդակության: Մեր ամեն մի զինվորը մեկ «Սմերչ» է,-ասել է նա՝ հավելելով, որ մեր Սփյուռքի ամենամեծ օգնությունը կլինի այն, որ սփյուռքահայերից գոնե 1 միլիոն մարդ գա հայրենիքում ապրելու:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը