Լրահոս

14.04.2016 16:50


Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող նոր փոփոխությունները

Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող նոր փոփոխությունները

Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբն իր առջև նպատակ էր դրել մեխանիզմների միջոցով ապահովել ընտրական գործընթացների թափանցիկություն, վերահսկելիություն: Այդ մասին, «Panorama.am»ի փոխանցմամբ, այսօր ԸՕ նախագծի վերաբերյալ Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ քննարկմանը ներկա էին նաև ԸՕ նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակիցները՝ Տիգրան Եգորյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագծի շուրջ «լայն շրջանակով» քննարկումներ են տեղի ունեցել, ու օրինագիծը անընդհատ թարմացվում, փոփոխվում է:

Այսպես, առաջիկա օրերին ԱԺ ներկայացվող ԸՕ նախագծով, իշխանությունն առաջարկում է հրաժարվել քվեաթերթիկները և ծրարները հատուկ հաշվառման փաստաթուղթ համարելուց:

«Բազմաթիվ կարծիքներ էին շրջանառվում, լուրեր, ասեկոսեներ, թե տպված են բազմաթիվ կեղծ քվեաթերթիկներ և այլն, այդ ամենը մենք փորձեցինք պարզեցնել: Մենք որոշեցինք հրաժարվել նաև գունավոր քվեաթերթիկներից ևս, և առաջին ընթերցմամբ առաջարկվող նախագծում գունավոր քվեաթերթիկների հարցը հանվել է», -ներկայացրեց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ ներկայացվելիք նախագծով, իրենք առաջարկում են նոր ծրարներ, որի անկյուններից մեկը կտրված է, և բացի այդ, ներմուծվում են ինքնասոսնձվող դրոշմանիշներ, որոնք համարվում են «հատուկ հաշվառման փաստաթղթեր»: Յուրաքանչյուր տեղամաս ունենալու է իրեն հատուկ դրոշմանիշը, որը, ինչպես Հարությունյանն ասաց, պաշտպանված է լինելու: Ասենք՝ դրոշմանիշի վրա գրված է լինելու «ԱԺ 2017» և ընտրատեղամասի թիվը:

Ներկայացնելով քվեարկության բուն գործընթացը՝ պաշտոնյան տեղեկացրեց, որ առաջարկվող նախագծով՝ քվեաթերթիկը դրվում է ծրարում, քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը վերցնում է քաղաքացու քվեարկության կտրոնը, որը նա ստանում է էլեկտրոնային համակարգով գրանցման ժամանակ: Կտրոնի դիմաց հանձնաժողովի անդամը ինքնասոսնձվող դրոշմանիշը ծրարի բացվածքի միջոցով փակցնում է քվեաթերթիկի վրա:

«Եթե քվեաթերթիկի վրա չկա դրոշմանիշ, ապա այդ քվեաթերթիկը ոչինչ է, սովորական թուղթ: Վավեր քվեաթերթիկը պետք է ունենա դրոշմանիշ: Կարևորն այն է, որ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը, որը ստացել է, ասենք, 100 դրոշմանիշ, օրվա վերջում պետք է կամ 100 հատ դրոշմանիշ վերադարձնի կամ մասնակցի քվեակտրոն կամ երկուսը միասին: Բայց պարտադիր պետք է 100 հատ ներկայացնի: Եթե նա 100 հատ չկարողացավ ներկայացնել, ապա մենք օրենքով ամրագրում ենք, որ օրենքի ուժով համապատասխան արձանագրություն պետք է կազմվի և ուղարկի իրավապահ մարմիններ: Ի դեպ, նույնը վերաբերում է հանձնաժողովի նախագահին, որն ի սկզբանե ստանում է այդ տեղամասի համար նախատեսված քանակի դրոշմանիշները: Եթե նա ստանում է 1000 հատ, ապա պետք է ցույց տա, թե քանի հատ կտրոն ունի դրա դիմաց և քանի հատ դրոշմանիշ ու դրանց ընդհանուր թիվը դարձյալ պետք է լինի 1000: Եթե կորցնում է կամ թիվը չի համապատասխանում նախնական թվին, ապա գործն ուղարկվում է իրավապահ մարմիններին», -նոր փոփոխությունը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է կտրոններին, ապա, պաշտոնյայի փոխանցմամբ, քվեարկության մասնակցին էլեկտրոնային համակարգով գրանցման դեպքում կտրոն տրվելու է այն դեպքում, երբ քաղաքացին առաջին անգամ է մուտք գործում ընտրատեղամաս և երբ նրա անունը գրանցված է ընտրողների ցուցակում:

«Կտրոնները ձեռքով չեն լրացվում այլ տպվում են սարքի միջոցով: Հենց սրանք են այն երկու կարևորագույն նորամուծությունները, որոնք, վստահ ենք, կմտցնեն էական փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով վերահսկել ողջ գործընթացը», -նկատեց Հարությունյանը:

Էլեկտրոնային սարքի նկատմամբ վստահությունն ապահովելու համար, այն կենթարկվի տեխնիկական աուդիտի:

Աղբյուր` «Panorama.am»

Այս խորագրի վերջին նյութերը